Իսրայելում սեպտեմբերի 6-ի առավոտյան վեց ահաբեկիչ փախել է երկրի հյուսիսում գտնվող Գիլբոա բանտից, հայտնում է Newsru.co.il-ը: Երկրի բանտային վարչությունն (SHABAS) արդեն հաստատել է փախուստը:
Նշվում է, որ բանտարկյալները թունելի միջով են փախել Գիլբոա բանտից, որտեղ պահվում են երկարաժամկետ ազատազրկման դատապարտված ահաբեկիչները:
Բանտի անձնակազմի ահազանգով՝ ոստիկանության և Շաբասի ստորաբաժանումների մեծ ուժեր են հավաքվել՝ ուղղաթիռների և անօդաչու սարքերի աջակցությամբ որոնելու փախստականներին: Որոնողական աշխատանքներում ներգրավված են նաև գաղտնի ծառայություններն ու զինվորականները:
Հինգ բանտարկյալ հանդիսանում է «Իսլամական ջիհադ» ահաբեկչական կազմակերպության ակտիվիստ: Փախուստի վեցերորդ և հնարավոր կազմակերպիչը «Ֆաթհ» կազմակերպության ահաբեկիչների առաջնորդներից է ՝ Զախարիա Զուբեյդին:
Բանտարկյալներն, ըստ երևույթին, զուգարանակոնքի տակ թունել են փորել և այդ կերպ կարողացել փախչել բանտից: Ականատեսներից մեկի խոսքերով ՝ նրանց նկատել են տեղի ֆերմերները, որոնք ոստիկանություն են կանչել:
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթն արդեն միջադեպը քննարկել է ներքին անվտանգության նախարար Օմեր Բար-Լևի հետ և նշել տեղի ունեցածի ծայրահեղ լրջությունը ՝ ընդգծելով «համակարգային ջանքերի» անհրաժեշտությունը: