Իսրայելում սկսել են խոսել կորոնավիրուսային պատվաստանյութի չորրորդ չափաբաժնի ներարկման մասին: Այս մասին հայտնում է Le Figaro-ն: Իսրայելի կորոնավիրուսի դեմ պայքարի վարչության պետ Սալման Զարկան կոչ է արել երկրի բնակիչներին պատրաստվել COVID-19 պատվաստանյութի չորրորդ չափաբաժնի ընդունմանը:
«Վիրուսը կա և կլինի, մենք պետք է պատրաստվենք չորրորդ ներարկմանը», – զգուշացրել է Զարկան:
Ավելինը, նա չի բացառել, որ չորրորդ դեղաչափը վերջինը չի լինի:
«Երբ դուք մտածում եք դրա մասին և պատվաստանյութերի ու հակամարմինների քանակի նվազեցման մասին, թվում է, թե մի քանի ամիսը մեկ, գուցե տարին մեկ անգամ, հինգ կամ վեց ամիսը մեկ, մեզ անհրաժեշտ է նոր ներարկում», – ասել է պրոֆեսոր Զարկան:
Ինչպես գիտեք, Իսրայելն աշխարհի առաջին երկրներից է, որը պատվաստել է բնակչության մեծամասնությանը կորոնավիրուսի դեմ: Բացի դրանից, վերջին շաբաթներին Իսրայելը սկսել է երրորդ չափաբաժնի ներարակման արշավ` ավելի քան վեց ամիս առաջ պատվաստված մարդկանց իմունային պաշտպանվածությունը բարձրացնելու համար: Ավելի քան 2,5 միլիոն մարդ արդեն ստացել է երրորդ չափաբաժինը, հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը: