Փանջշիրի դիմադրության առաջնորդ Ահմադ Մասուդը դիմել է աֆղան ժողովրդին և կոչ արել իր համերկրացիներին դիմակայել «Թալիբանին»: Այս մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը:
«Ուր էլ որ լինեք՝ արտասահմանում, թե երկրում, մենք կոչ ենք անում համընդհանուր ապստամբություն սկսել մեր հայրենիքի ազատագրման և փառավորման նպատակով: Յուրաքանչյուրդ ապստամբեք, ինչպես կարող եք», – ասել է նա հրապարակված տեսանյութում:
Մասուդը հավելել է, որ եթե դա տեղի չունենա, ապա կա վտանգ, որ Աֆղանստանը կդառնա «հետամնաց, խավար և որևէ մշակույթից հեռու» երկիր և քաղաքական ու տնտեսական առումով կմեկուսացվի:
Մասուդի խոսքով՝ Փանջշիրում վերջին բախումները ցույց են տվել, որ թալիբների կողքին Աֆղանստանի ժողովրդի դեմ կռվում են «օտար ուժերը»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ի առավոտյան «Թալիբան» շարժումը հայտնել է իրեն չենթարկված միակ նահանգի՝ Փանջշիրի հանդեպ լիակատար վերահսկողություն հաստատելու մասին: Չնայած դիմադրության ուժերը շարունակում են հերքել այս տեղեկությունները՝ նշելով, որ շարունակում են պայքարը, սակայն համացանցում տեսանյութեր են տարածվել, թե ինչպես է «Թալիբանի» դրոշը ծածանվում Փանջշիրի նահանգապետի գրասենյակի վրա: