Իտալացի լուսանկարիչ Էլեոնորա Կոստին շրջում է աշխարհով մեկ՝ փնտրելով ու լուսանկարելով անհավանական վայրեր: Հերթական ճամփորդությունը նրան տարել է Թուրքիայի հյուսիս-արևմտյան նահանգ՝ Մուդուրնու քաղաքի մերձակայք, որտեղ նա հայտնաբերել է մի քանի հարյուր միանման, հեքիաթային շքեղ ու անմարդաբնակ ամրոցներ: Դատարկ ամրոցների այս շքեղ քաղաքը կոչվում է Բուրջ Ալ Բաբաս:
Իտալացի լուսանկարչին հետաքրքրել է, թե ինչու այդ դղյակներում ոչ ոք չի ապրում: Պարզվել է, որ Բուրջ Ալ Բաբասը բնակավայր է՝ նախատեսված հարուստների և հայտնիների համար։ Մոտ 200 մլն դոլար է ծախսվել այդ բնակավայրը կառուցելու համար: Ըստ նախագծի՝ այդտեղ պետք է լինեին նաև խանութներ, կինոթատրոններ ու այլ ենթակառուցվածքներ: Սակայն մոտ ապագայում հեքիաթային թաղամասը չի բնակեցվի:
Շինարարությունը սկսվել էր 2014 թվականին: Սկզբում ամեն ինչ հաջող էր ընթանում, բայց տների վաճառքն ի վերջո դադարեցվել է՝ նավթի գների անկմամբ և Թուրքիայում տնտեսական անկայունությամբ պայմանավորված: Հետևանքը եղել է այն, որ նախագծողը սնանկացել է, թաղամասը մնացել անավարտ, իսկ ամրոցները՝ դատարկ:
2019 թվականի հունվարի դրությամբ կառուցվել է նախատեսված 732 տներից 587-ը, որոնք մինչ օրս բնակեցված չեն։