Մեքսիկայի միգրացիոն ծառայության աշխատակիցներն ու Ազգային գվարդիան երեքշաբթի ցրել են ներգաղթյալների խումբը հարավային Չիապասի նահանգի Մապաստեպեկի մունիցիպալիտետում։ Այս մասին հայտնում է Milenio թերթը:
Մոտ 500 ներգաղթյալներ, հիմնականում Հայիթիից եւ Կենտրոնական Ամերիկայից, մտադիր էին հասնել ԱՄՆ սահման: Գործողության ընթացքում իշխանությունները բերման են ենթարկել 130 անօրինական միգրանտների, մնացածներին հաջողվել է փախչել: Զոհերի և վիրավորների մասին տեղեկություններ չկան:
Հարյուր հազարավոր օտարերկրացիներ, ովքեր չունեն անհրաժեշտ փաստաթղթեր, ամեն տարի փորձում են ԱՄՆ մուտք գործել Լատինական Ամերիկայի երկրների տարածքով: Որպես համարժեք գործողութուն անօրինական ներգաղթյալների թվի ավելացմանը զուգահեռ՝ մարտին կառավարությունը զինվորականների և գվարդիականների մեծ խումբ էր ուղարկել հարավային սահման՝ երկրի անվտանգությունն ապահովելու համար:
Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը օգոստոսի 29 -ին հայտարարել էր, որ հանրապետության իշխանությունները կշարունակեն զսպել միգրացիոն հոսքերը: Միևնույն ժամանակ, նա մատնանշել էր այն խնդիրների լուծման անհրաժեշտությունը, որոնք ստիպում են մարդկանց լքել իրենց երկրները։ Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները պետք է կրթաթոշակներ և ժամանակավոր աշխատանքային վիզաներ տրամադրեն Կենտրոնական Ամերիկայի երկրների բնակիչներին: