Վարդգես Պետրոսյանի անվան Հ. 51 հիմնական դպրոցը հիմնանորոգումից հետո իր դռները բացեց սաների առջև:
Այդ մասին տեղեկացնում են Երանի քաղաքապետարանին՝ նշելով, որ վերակառուցված կրթօջախում սովորում է 1192 աշակերտ:
Դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը ներկա են գտնվել ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր:
Երևանի քաղաքապետն ու ՀՀ փոխվարչապետը շրջել են դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և աշակերտների համար ստեղծված պայմաններին:
Դպրոցը վերակառուցվել է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի կողմից իրականացվող՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրերի շրջանակում:
2019 թվականին մեկնարկած ծրագիրն ավարտվել է այս տարվա մայիսին:
Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է շուրջ 530 մլն դրամ: Կառավարության տրամադրած 22 մլն 500 հազար դրամով էլ ձեռք է բերվել անհրաժեշտ գույք:
Նշվում է, որ նոր ուսումնական տարին վերակառուցված ու հարմարավետ պայմաններով են դիմավորել նաև Երևանի 135 և 143 դպրոցները: