
Այսօր՝ օգոստոսի 31-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Opel մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան-Շենիկ գյուղամիջյան ճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին, մի քանի պտույտ շրջվել, ապա գլխիվայր հայտնվել դաշտում:
Վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է, նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արմավիրր մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ի վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:
Դեպքի վայրը սահմանազատել և տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի նույն դասակի ավագ տեսուչներ Նարեկ Գրիգորյանն ու Հայկ Դարբինյանը:
Օպերատիվորեն ժամանել է նաև ոստիկանության Բաղրամյանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Նշան Հաղնազարյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Տոնոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ տեսուչ Լիլիթ Պապիկյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Լ. Պապիկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացած վարորդի ինքնությունը:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Բաղրամյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: