2008 թ.-ից ԱՄՆ-ը «որս է» իրականացնում երրորդ երկրներում բնակվող ռուսաստանցիների նկատմամբ: Այսպիսի հետապնդումների նպատակը Ռուսաստանի քաղաքացիների արտահանձնումն է Միացյալ Նահանգներին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերով հանձնակատար Գրիգորի Լուկյանցևը:
«Ինչ վերաբերում է ուղղակի հետապնդումներին, ապա վառ օրինակ է այն գործելակերպը, որն ակտիվորեն կիրառվում է Միացյալ Նահանգների կողմից արտերկրում գտնվող մեր քաղաքացիների նկատմամբ: Միացյալ Նահանգների իրավապահ մարմինների խնդրանքով մեր քաղաքացիները դուրս են բերվում երրորդ երկրներից, որպեսզի պատասխանատվության ենթարկվեն Միացյալ Նահանգներում: 2008 թվականից ի վեր հայտնի է ավելի քան 50 նման դեպք, և, ցավոք, նման դեպքերի թիվը շարունակում է աճել», -ասել է դիվանագետը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցի ժամանակ:
Նա նշել է, որ ամերիկյան արդարադատության համակարգը լուրջ ազդեցություն ունի երկրում բնակվող Ռուսաստանի քաղաքացիների վրա, ինչը, որպես կանոն, արտահայտվում է ռուսներին համոզելով համագործակցել հետաքննության հետ կամ ընդունել մեղքը` պատժի մեղմացում խոստանալու դիմաց:
Ըստ Լուկյանցևի՝ ամերիկյան արդարադատության համակարգը ռուսների վրա ճնշման վերջին լծակը չէ: Ռուսաստանի քաղաքացիներին ժամանակին բժշկական օգնություն չտրամադրելը նույնպես գործիք է: Եթե ռուսաստանցիները չեն ենթարկվում, ապա նրանց հրաժարվում են ցուցաբերել բժշկական ծառայություններ:
Լուկյանցևն առանձնացրել է օդաչու Կոնստանտին Յարոշենկոյի, Ռոման Սելեզնևի, Վիկտոր Բուտի և Մարիա Բուտինայի պատմությունները՝ որպես ռուսների նկատմամբ նման վերաբերմունքի ամենահայտնի դեպքեր:
Դիվանագետի նշած քաղաքացիներից մեկը՝ Կոնստանտին Յարոշենկոն, 2010 թվականի մայիսին Լիբերիայում ձերբակալվել է ԱՄՆ իրավապահ մարմինների աշխատակիցների կողմից՝ կոկաինի մեծ խմբաքանակ տեղափոխել պատրաստվելու մեղադրանքով: Ավելի ուշ նա արտաքսվել է ԱՄՆ, որտեղ 2011 թվականի սեպտեմբերի 7 -ին դատապարտվել է 20 տարվա ազատազրկման: Մոսկվան հերքում է ռուսաստանցու մեղքը և գործը անվանում շինծու: Բացի դրանից 2021 թվականի մարտից օդաչուն չի կարող բժշկական օգնություն ստանալ: