Ղարաբաղյան հիմնահարցը երբեք չէր լուծվի խաղաղ ճանապարհով, հայտարարել է Բաքվի ղեկավար Ալիևը, ասելով, թե դա ցույց է տվել բանակցային գործընթացի երեք տասնամյակը: Մի կողմ թողնենք բանակցային երեք տասնամյակի ալիևյան գնահատականը ու եզրակացությունը: Ներկայումս ավելի կարևոր է դրանում պարունակվող ներկայի և փաստորեն ապագայի ազդակը: Իսկ այդ իմաստով, Ալիևը խոսում է այն մասին, որ Արցախի կարգավիճակի և այլ չլուծված հարցերի լուծում կարող է լինել միայն նոր պատերազմով: Ասել կուզի, նա չի համաձայնի որևէ քաղաքական, բանակցային լուծման, չի համաձայնի որևէ կարգավիճակի, որը կարող է ենթադրել Արցախի ինքնորոշում: Այստեղ անշուշտ զարմանալի ոչինչ էլ չկա: Եթե Ալիևը լիներ դրան համաձայնելու ունակ, մի շարք առումներով, ապա համաձայնություն կլիներ օրինակ Կազանում, կամ ավելի վաղ:
Ալիևը կարգավիճակի հարցում քաղաքական համաձայնության պատրաստ չէ նույնիսկ պատերազմից հետո, երբ թվում է, թե «լուծել» է տարածքների հարցը: Ընդ որում, հետպատերազմյան շրջանում մի քանի առիթներով գրել եմ և խոսել, որ Արցախի կարգավիճակ և Ալիևի իշխանություն հասկացությունները անհամատեղելի են: Արցախի կարգավիճակի հարցի լուծումը, Արցախի ինքնորոշումը հավասարազոր է լինելու Ալիևի իշխանությունից հեռանալուն: Հակառակ պարագայում, կամ նա նոր պատերազմով կփակի նաև ինքնորոշման հարցը, կամ հայկական կողմերը նոր պատերազմով են լուծելու կարգավիճակի և Արցախի տարածքների դեօկուպացիայի հարցը: Կամ, ուժային կենտրոնները կպարտադրեն կարգավիճակ՝ ըստ այդմ փաստորեն նաև Ալիևին պարտադրելով հրաժարական: Ընդ որում, տեսականում իհարկե պետք չէ բացառել և այդ տարբերակը և կասկած չկա, որ Ալիևը կարող է նաև պատրաստվել դրան, այսինքն՝ ծայրահեղ դեպքում իշխանությունից հեռանալուն, եթե չունենա պատերազմով հարց լուծելու հնարավորություն, կամ եթե բախվի ուժային խոշոր կենտրոնների, Մինսկի խմբի երեք համանախագահների միասնական պահանջին և չունենա դիմադրության հնարավորություն, իսկ Էրդողանն էլ կամ չլինի, կամ չկարողանա օգնել: Բոլոր դեպքերում, առանցքային ազդակը այն է, որ Ալիևը խաղաղ տարբերակով երբեք չի համաձայնելու կարգավիճակի, ինքնորոշման, ինչի մասին խոսել եմ բազմիցս: Ըստ այդմ, Հայաստանն Արցախի կարգավիճակի համար պետք է պատրաստ լինի պատերազմի: Դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է պատերազմ սկսի կարգավիճակի համար: Հայաստանի պատերազմի պատրաստ լինելը ունի մեկ նպատակ՝ գոնե հնարավոր ռիսկի պարագայում թույլ չտալ, որպեսզի Ալիևը նոր պատերազմով ավարտի այն, ինչ տարբեր հանգամանքներից ելնելով կիսատ է մնացել նրա համար 44-օրյա պատերազմում:
Հայաստանը պարտավոր է մի կողմից ամրանալ քաղաքականապես՝ պատերազմի նոր ռիսկերի գեներացում թույլ չտալու համար, մյուս կողմից ամրանալ ռազմական առումով՝ Ադրբեջանին առավելության զգացում չտալու համար: Ընդ որում, երկրորդ տարբերակի ամրությունն է էապես պայմանավորելու առաջինի էֆեկտիվությունը: Բուն հարցը անշուշտ ռազմատենչությունը չէ և Հայաստանը պետք է շարունակի առաջնահերթություն դիտարկել խաղաղությունը, որովհետև հազիվ թե նոր պատերազմի հեռանկարը նպաստի Արցախում հայկական բնակչության պահպանմանը, ինչը հիմնարար նշանակության հարց է: Հայաստանի համար պատերազմի պատրաստ լինելը պարզապես խաղաղության թիվ մեկ գրավական է: