«Թալիբան» շարժման զինյալները մասամբ գրավել են Քաբուլի օդանավակայանը, հայտնում է Pajhwok լրատվական գործակալությունը:
Արմատականները լրացուցիչ ուժեր են տեղակայել օդանավակայանում՝ կանխելու այնտեղ օգոստոսի 26-ի ահաբեկչությունից հետո մեծ բազմության կուտակումները: Անցած հինգշաբթի օրը պայթյուն էր որոտացել Քաբուլի օդանավակայանում։
Ավելի ուշ Միացյալ Նահանգները հայտնեց իրենց 13 զինվորականների մահվան և 18 վիրավորների մասին: Ընդհանուր առմամբ, հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 170 մարդ:
Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետությունը»: Թալիբները հայտնել են հարձակումից հետո մի քանի մարդու ձերբակալման մասին:
Ամերիկյան զորքերի դուրսբերման սկզբից իվեր արմատական շարժման գրոհայինները հարձակումներ կազմակերպեցին Աֆղանստանի կառավարական ուժերի դիրքերի վրա, վերահսկողություն հաստատեցին սահմանային բոլոր անցումներում և օգոստոսի 15 -ին մտան Քաբուլ:
Այս պայմաններում արևմտյան դիվանագիտական ներկայացուցչություններում աշխատող օտարերկրացիների և աֆղանցիների տարհանումը հնարավոր դարձավ միայն մայրաքաղաքի միակ օդանավակայանի միջոցով, որը մինչև օգոստոսի վերջ վերահսկելու են Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ -ի անդամ այլ երկրների զինված ուժերը։