ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ գրանցվել է աշխարհում եղջերուների COVID-19-ով վարակի առաջին դեպքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
Կորոնավիրուսը հայտնաբերվել է Օհայո նահանգում՝ վայրի սպիտակապոչ եղջերուների մոտ: Նշվում է, որ COVID-19-ի դեպքերն աշխարհում գրանցվել են միայն փոքր թվով կենդանատեսակների շրջանում: Նախարարությունը շեշտել է, որ առկա տեղեկատվության հիման վրա եղջերուներից մարդուն վիրուսի փոխանցման հավանականությունը ցածր է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ի Ջորջիա նահանգի Ատլանտա օվկիանարիումի ջրասամույրները վարակվել էին COVID-19-ով: Կասկած կար, որ կենդանիները կարող էին վարակված լինել անախտանիշ կորոնավիրուսային վարակ տարած աշխատակցից: