Ավստրիայի ԱԳ նախարարը Ռուսաստանը անվանել է եվրոպական իրականության մասը: Ալեքսանդր Շալենբերգը այդ մասին ասել է Վիեննայում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների ժամանակ:
«Ռուսաստանը միշտ եղել է և կլինի եվրոպական իրականության մասը, նույնիսկ եթե մենք կանգնած են գետի տարբեր ափերին, մեր միջև կամուրջը չի քանդվի: Չի կարելի մոռանալ, որ Եվրոպական միությունը Ռուսաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն է»,- ասել է Շալենբերգը:
Նրա խոսքով, երկու պետությունների միջև հաստատված երկխոսությունը թույլ է տալիս քննարկել նաև այն հարցերը, որոնց շուրջ Վիեննան և Մոսկվան համաձայնություն չունեն: Արտգործնախարարները հայտարարել են, որ երկու երկրները պարտավոր են շարունակել համագործակցությունը:
Լավրովն իր հերթին ողբալի է համարել ՌԴ-ԵՄ հարաբերությունները՝ նշելով, որ շփումները հասցված են նվազագույնի: Լավրովն ասել է, որ ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել պրագմատիկ երկխոսություն զարգացնել Եվրամիության հետ փոխհարգանքի սկզբունքով: