ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանն այսօվա ասուլիսում հայտարարել էր, թե քաղբանտարկյալ բառը շահարկվում է աշխարհաքաղաքական նպատակներով:
ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, անդրադառնալով Դավիթ Հարությունյանի հայտարարություններին, «Առաջին լրատվականի» հետ զրույցում ասաց. «Ես չգիտեմ, թե ում նկատի ունի Դավիթ Հարությունյանը` այս հայտարարությունն անելով: Միգուցե իշխանությունների կողմից է ինչ-որ բան շահարկվում իրենց անբարո նպատակների համար, բայց դա չի վերաբերում այն մարդկանց, ովքեր իրապես պայքարում են հանուն մարդու իրավունքների: Իսկ եթե նա մտածում է, որ միջազգային հանրությունն է շահարկում այդ հարցը, ապա ես միայն կարող եմ ասել, որ ՀՀ-ում, այո, իրենց քաղաքական հայացքների համար բանտախցում գտնվող մարդիկ կան»,- նշեց նա: Ըստ Զարուհի Փոստանջյանի` ՀՀ-ը ստանձնել է մի շարք պարտավորություններ, որոնց համաձայն` մեր երկիրը չպետք է նման արատավոր երեւույթներ ունենա, ՀՀ-ում չպետք է լինեն մարդիկ, որ իրենց կարծիքն արտահայտելու համար կարող են գտնվել բանտախցում: «Այս պարտավորությունները մենք ստանձնել ենք կամովին, ոչ ոք մեզ չի ստիպել: Ու եթե հիմա որեւէ մեկը այդ պարտավորությունների շրջանակներում ՀՀ իշխանություններից պահանջում է վերացնել արատավոր երեւույթները, ես չեմ կարող ասել, որ դա շահարկում է: Եթե շահարկում է, ապա թող բարի լինեն, այդ արատավոր երեւույթները վերացնեն: Մենք կամովին ենք դարձել միջազգային կազմակերպությունների անդամ, կամովին ենք ստանձնել այդ պարտականությունները»,- ասաց նա: