Ա սերիայի մեկնարկային տուրում այսօր «Ռոման» Հռոմի Օլիմպիական մարզադաշտում կմրցի «Ֆիորենտինայի» հետ։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն Իտալիայի առաջնությունում առաջին հանդիպումը կանցնացնի պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյի գլխավորությամբ։ Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտին «Ռոմայի» մեկ այլ պորտուգալացի գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան հեռացել էր։ Շատ էր խոսվում, որ Մոուրինյոյի նշանակումից հետո «Ռոմայից» կհեռանա նաև Մխիթարյանը, բայց․․․։ Հայ ֆուտբոլիստը զրուցեց Մոուրինյոյի հետ և հարթվեցին այն տարաձայնությունները, որոնք ծագել էին «Մանչեսթեր Յունայթեդում»։
Թե Մխիթարյանը և թե Մոուրինյոյն իրենց դրսևորեցին, որպես պրոֆեսիոնալներ առաջնային համարելով ֆուտբոլը։ Նրանք այսօր սկսում են պայքարը Ա սերիայում։ «Նա մեծ հավակնություններ ունեցող մարզիչ է, միշտ ցանկանում է հաղթել: Նրան ոչինչ չի հետաքրքրում, կարևորը հաղթելն է, անկախ նրանից՝ լավ ես խաղում կամ վատ: Բոլորը գիտեն, որ նա հաղթել է գրեթե ամեն ինչ, ուստի հույս ունենք, որ «Ռոման» նույնպես ինչ-որ տիտղոս կնվաճի, քանի որ նա մեծ մարզիչ է, որը կարողանում է ավելին տալ ֆուտբոլիստներին: Ես չեմ ուզում նրա հետ խոսել անցյալի մասին: Մենք միասին խոսեցինք և որոշեցինք ամեն ինչ սկսել զրոյից: Ես նրան շատ լավ եմ ճանաչում և գիտեմ, թե ինչ է պահանջում ֆուտբոլիստներից: Ես պատրաստ եմ դրան»,- Sky Sport հեռուստաալիքին ասել էր Մխիթարյանը: Վերջինս Մոուրինոյի գլխավորությամբ արդեն իսկ մեկ պաշտոնական հանդիպում անց է կացրել «Ռոմայի» մեկնարկային կազմում։ Օգոստոսի 19-ին Կոնֆերենցիայի լիգայի փլեյ-օֆֆի առաջին խաղում իտալական ակումբը Թուրքիայում 2:1 հաշվով հաղթել էր «Տրաբզոնսպորին»: Խաղի 55-րդ րոպեին մեր ֆուտբոլիստի փոխանցումից հետո Լորենցո Պելեգրինին բացել էր հաշիվը։ Հենրիխ Մխիթարյանը առաջին խաղակեսի 25-րդ րոպեին նույնպես գրավել էր թուրքական թիմի դարպասը, սակայն մինչ այդ հանդիպման մրցավարը ձեռքով խաղ էր արձանագրել և այդ գոլը չէր հաշվել։
Հավանականությունը մեծ է, որ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում կլինի նաև այսօր։ Ըստ նախատեսումերի «Ռոման» այսօր կխաղա 4-2-3-1 դասավորությամբ։ Դարպասում կլինի Պատրիսիոն, իսկ պաշտպանության կենտրոնում Մանչինին և Իբանյեսը։ Աջ եզրում կխաղա Կարսդորպը, իսկ ձախից՝ Վինան։ Հենակետային գոտում կլինեն Կրիստանտեն և Վերետուն։ Ենթահարձակվող դիրքում կլինի Պելեգրինին, իսկ կիսապաշտպանության աջ եզրում Զանիոլոն։ Հենրիխ Մխիթարյանը կգործի կիսապաշտպանության ձախ եզրում, իսկ հարձակման կրակագծում կլինի Շոմուրադովը։ «Ռոմա»-«Ֆիորենտինա» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 22։45-ին։