«Թալիբանի» զինյալները շքերթ են անցկացրել Աֆղանստանի Քալաթ քաղաքում: Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես են սպիտակ հանդերձավորված մարդիկ ուղիղ գծով քայլում քաղաքի կենտրոնում: Տեսանյութի պատրաստման ժամանակը հայտնի չէ:
Միաժամանակ, երեկ «Թալիբան»-ը իշխանությունը գրավելուց հետո առաջին անգամ ուրբաթօրյա աղոթքից առաջ հանդես է եկել միասնության կոչով: Ավելին՝ նրանք հոգևորականներին կոչ են արել համոզել մարդկանց, որպեսզի նրանք չհեռանան երկրից:
Թալիբների քաղաքական գրասենյակի ղեկավար Սուհայիլ Շահինն էլ հայտարարել է,որ թալիբները պատրաստ են երաշխավորել օտարերկրյա դիվանագետների անվտանգությունը: Այդ ապահովությունը, ըստ նրա, կլինի առավել բարձր մակարդակի, քան նախկինում, և այժմ գլխավոր խնդիրը կարգուկանոնի հաստատումն է: Թալիբները վստահեցրել են, որ խաղաղություն ու անվտանգություն են հաստատելու և նպաստելու են երկրի բարգավաճմանը:
Ի դեպ, թալիբները հայտարարել են, որ իրենց կողմն է անցել երկրից հեռացած նախագահ Աշրաֆ Ղանիի կրտսեր եղբայրը՝ Խաշմատ Ղանին: