
ԱՄՆ Վաշինգտոն նահանգում դպրոցների, քոլեջների և համալսարանների բոլոր աշխատակիցները պետք է պարտադիր պատվաստվեն կորոնավիրուսի դեմ: Associated Press գործակալության փոխանցմամբ՝ նահանգի ղեկավար Ջեյ Ինսլին հայտարարել է, որ նրանք, ովքեր մինչև հոկտեմբերի 18-ը լիովին պատվաստված չլինեն, կարող են զրկվել աշխատանքից: Այս որոշումը վերաբերում է նաև քոլեջների մարզիչներին:
Բացի այդ, Վաշինգտոն նահանգում փակ տարածքներում դիմակ կրելու պահանջն այսուհետ կվերաբերի ոչ միայն չպատվաստվածներին, այլև պատվաստվածներին:
Ի դեպ, ԱՄՆ-ում հաստատել են երրորդ դեղաչափով պատվաստվելու ծրագիրը: COVID-19-ի դեմ բուստերային պատվաստանյութ կառաջարկվի բժիշկներին, ծերանոցների աշխատակիցներին և նրանց, ովքեր պատվաստվել են 2020 թ.-ի վերջում:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը քննադատել է ԱՄՆ-ի այս որոշումը: ԱՀԿ-ն համարում է, որ հարկավոր է պատվաստանյութերի դեղաչափերը տրամադրել աղքատ երկրներին: