Կորոնավիրուսի տարածման պատճառով Իսրայելը սահմանափակումներ է մտցրել նաև երեխաների համար: BBC-ի փոխանցմամբ՝ 3 տարեկանից բարձր տարիքի երեխաները պետք է ցույց տան պատվաստումն ապացուցող փաստաթուղթ կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունք, որպեսզի կարողանան մուտք գործել տարբեր փակ տարածքներ: Դրանց շարքում են ռեստորանները, թանգարանները, գրադարանները, մարզասրահները և լողավազանները: Նման վայրեր այցելելու համար հարկավոր է ներկայացնել, այսպես կոչված, «Կանաչ անցաթուղթ»:
Չնայած Իսրայելը պատվաստումների ցուցանիշով աշխարհում առաջատարներից մեկն է, այդուհանդերձ, կորոնավիրուսի տարածումը և դրա դեմ պայքարը շարունակվում է: Ըստ Իսրայելում կորոնավիրուսի դեմ պայքարի ջանքերը ղեկավարող Սալման Զարկայի՝ հիվանդացության մակարդակն օրեցօր աճում է, և եթե իրավիճակը չբարելավվի, ապա երկրում դարձյալ կարող է լոքդաուն սահմանվել:
Մինչև օգոստոսի 18-ը պատվաստման ենթակա միայն 12 և բարձր տարիքի երեխաները և չափահասները պետք է ներկայացնեին «Կանաչ անցաթուղթ»: Այժմ այդ կանոնը կտարածվի նաև 3-11 տարեկան երեխաների վրա: Նրանց թեստերի համար կվճարի կառավարությունը, քանի որ նրանք ենթակա չեն պատվաստման, եթե, իհարկե, նրանք 5 և բարձր տարեկան չեն և չունեն կորոնավիրուսի բարդացումների վտանգ:
Իսկ այն մարդիկ, ովքեր ենթակա են պատվաստման և չեն պատաստվել, պետք է իրենք վճարեն իրենց թեստերի համար:
Իսրայելում վիրուսի դեպքերի աճը կապված է ավելի վարակիչ Դելտա շտամի հետ, որի տարածումը սկսվել է հունիսի վերջից: Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Իսրայելում հաստատվում է օրական 7000-8000 նոր դեպք:
Ընդհանուր առմամբ, աշխարհում մինչև օրս կորոնավիրուս է հաստատվել 210 միլիոն մարդու մոտ: Վիրուսից մահվան դեպքերի թիվը գերազանցել է 4 մլն 400 հազարը: COVID-19-ի դեմ ամբողջովին պատվաստված է 1 միլիարդ 860 միլիոն մարդ, այսինքն՝ մոլորակի բնակչության 23.8 տոկոսը: