Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարդկությանը կոչ է անում պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Նա ասել է, որ միայն պատվաստանյութը կարող է վերջ տալ համավարակին:
«Եղբայրության ոգով և պայծառ ապագայի հույսով դիմում եմ ձեզ, Փառք Աստծո, շնորհիվ մեծ թվով մարդկանց աշխատանքի, մենք հիմա ունենք պատվաստանյութեր, որոնք պաշտպանում են կորոնավիուսից: Պատվաստանյութերը կարող են վերջ տալ համավարակին, սակայն դրա համար մենք բոլորս պետք է համագործակցենք»,- ասել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետը:
Նրա խոսքով, համավարակը կհաղթահարվի միայն այն դեպքում, երբ պատվաստանյութերը հասանելի լինեն բոլորին, այդ թվում՝ աղքատ պետությունների բնակիչներին: Նա պատվաստանյութը համարել է վիրուսից պաշտպանվելու պարզ և հզոր զենք:
Հռոմի պապի խոսքով, աշխարհում առկա է պատվաստանյութերի նկատմամբ անվստահություն, որի հետևանքով շատերը հրաժարվում են ներարկումից և վարակվում են կորոնավիրուսի արագ տարածվող «դելտա» տարբերակով։
Ֆրանցիսկոս պապն՝ ինքը, կորոնավիրուսի դեմ պատվաստվել է այս տարվա մարտին և ասել է, որ դա բարոյական պարտավորություն է համարել: