Այսօր «Հանուն Հանրապետության» կուսակցության քաղաքական խորհրդի անդամները՝ Կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, Ազգային ժողովում հանդիպել են Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին և նույն հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին ստեղծման իրավիաճակի և դրա ապաէսկալացման ուղիների, նորընտիր խորհրդարանում Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգային առաջնահերթությունների, զինված ուժերի արդիականացման և այդ թվում ռազմական հետախուզության և հակահետախուզության գործունեության արդյունավետության բարձրացման և ինստիտուցիոնալ զարգացման, ռազմական կրթության մակարդակի և գրավչության բարձրացման հետ։
Այս համատեքստում մեծապես կարևորվեց զինված ուժերում առկա թերությունների հայտնաբերման և հաղթահարման հարցը և որպես այս ուղղությամբ կատարվելիք հիմնարար քայլ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծումը։
«Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները հայտնեցին իրենց պատրաստակամությունը՝ անձնական և մասնագիտական ամենալայն մասնակցությունն ունենալու ստեղծվելիք հանձնաժողովի աշխատանքներին։
Ձեռք բերվեց պայմանավորվածություն ըստ անհրաժեշտության կազմակերպել պարբերական կոնսուլտացիաներ՝ ռազմապաշտպանական ոլորտի առաջանցիկ զարգացման օրակարգի կենսագործման հարցում ջանքերն ու հնարավորությունները մեկտեղելու համար։