ՀՀ կառավարությունը որոշում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` երեք ամիս ժամկետով` 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը:
Վարժական հավաքներին ներգրավել ընդհանուր մինչև 2169 քաղաքացու, որոնցից 1164-ը՝ շարքային կազմի, 254-ը` ենթասպայական կազմի, 751-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ մոտոհրաձգային, հրթիռա-հրետանային, կապի, հետախուզական, ինժեներական մասնագիտություններով:
Վարժական հավաքների ապահովման համար՝ երեք ամիս ժամկետով` 2021 թվականի օգոստոսի 25-ից մինչև նոյեմբերի 25-ը, ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող մարմիններից ներգրավել ընդհանուր մինչև 110 միավոր տրանսպորտային միջոց՝ համաձայն հավելվածի:
Սահմանել, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման և վերապատրաստման, նրանց հետ կնքված պայմանագրի համաձայն ըստ անհրաժեշտության մարտական հերթապահության ներգրավման նպատակով:
Թույլատրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝ վարժական հավաքներ անցկացման ժամկետում անհրաժեշտությունը վերանալու դեպքում վարժական հավաքներին ներգրավված քաղաքացիներին ժամկետից շուտ արձակել պահեստազոր, իսկ ներգրավված տրանսպորտային միջոցները վերադարձնել ռազմատրանսպորտային պարտականություններ ունեցող համապատասխան մարմիններին:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: