ՀՀ-ին սպառնացող բազմաթիվ արտաքին և ներքին մարտահրավերներ մնում են չհաղթահարված։ Կառավարության նիստի ժամանակ կառավարության 2021-2026 թթ. ծրագիրը ներկայացնելիս ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետը նկատեց՝ 44-օրյա պատերազմի ծանր հետևանքներն էականորեն փոխել են Հայաստանի արտաքին միջավայրը՝ ոչ միայն սրելով նախկինում գոյություն ունեցած մի շարք մարտահրավերներ, այլև առաջ բերելով նորերը։
«Հայաստանի արտաքին անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությունը, ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծումը, Հայաստանի շուրջ տարածաշրջանային բարենպաստ մթնոլորտ ստեղծելը շարունակում է առաջնային մնալ։ Այս խնդրի լուծման համար ժողովրդի վստահության քվե ստացած կառավարությունը մտադիր է լրջագույն միջոցներ ձեռնարկել՝ հանրային և ազգային լավագույն ներուժը համախմբելու ուղղությամբ։ ՔՊ-ն, նրա ձևավորած իշխանությունը Հայաստանում օրենքի, իրավունքի դիկտատուրա հաստատելու մանդատ է ստացել ժողովրդից և անշեղորեն կյանքի է կոչելու այն։ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելն արտահերթ ընտրությունների արդյունքներով ժողովրդի առջև ստանձնած մեծագույն առաքելությունն է։ Կառավարությունը գիտակցում է, որ այս խնդրի լուծումը միայն ՀՀ-ից չի կախված, այլև տարածաշրջանի մյուս երկրների կեցվածքից և ցանկությունից»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։