Ֆուտբոլի Եվրոպա լիգայի փլեյ-օֆի առաջին խաղում վաղը Երևանի «Ալաշկերտը» Գլազգոյում կմրցի Շոտլանդիայի չեմպիոն «Ռեյնջերսի» հետ։ Եվրագավաթներում «Ալաշկերտը» պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ երկու խաղերի արդյունքում հաղթել էր Ուելսի չեմպիոն «Կոնաս Կի Նոմադսին» (2:2, 1:0)։ Երկրորդ փուլում Հայաստանի չեմպիոնը պարտվել էր մոլդովական «Շերիֆին» (0:1, 1:3) և հայտնվել Եվրոպա լիգայում: Որակավորման երրորդ փուլում «Ալաշկերտը» Ալմաթիում Ղազախստանի չեմպիոն «Կայրաթի» հետ 0։0 խաղալուց հետո Երևանում առավելության էր հասել 3։2 հաշվով։ «Ռեյնջերսը» պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլից որտեղ երկու հանդիպումների արդյունքում 1։3 հաշվով զիջել էր Շվեդիայի չեմպիոն «Մալմյոյին» և հայտնվել Եվրոպա լիգայի փլեյ-օֆում։ Փորձենք հասկանալ ինչ է իրենից ներկայացնում «Ռեյնջերսը» և ինչպիսին են «Ալաշկերտի» հնարավորութունները։ Անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Սթիվեն Ջերարդի գլխավորած թիմը 10 տարավ ընդմիջումից հետո նվաճել է Շոտլանդիայի չեմպիոնի կոչումը 25 միավորով գերազանցելով հիմնական մրցակցին՝ «Սելթիկին»։ Ջերարդի գլխավորությամբ Շոտլանդիայի 55-ակի չեմպիոնը ցուցադրում բոլորովին նոր որակի ֆուտբոլ։ Թիմի ֆուտբոլիստների տրանսֆերային ընդհանուր արժեքը կազմում է 104․6 միլիոն եվրո, մինչդեռ «Ալաշկերտի» խաղացողների տրանսֆերային ընդհանուր արժեքը 5․13 միլոն եվրո է։ Փաստորեն, որակապես Շոտլանդիայի չեմպիոնը մոտ 20 անգամ գերազանցում է «Ալաշկերտին»։
«Ռեյնջերսի» կազմում խաղում են տարբեր երկրների ազգային հավաքականների միանգամից 13 ֆուտբոլիստներ։ Նրանցից Նաթան Պետերսոնը, դարպասպահ Ջոն Մքլաուջինը, Ռայան Ջեքը ելույթ են ունենում Շոտլանդիայի ազգային թիմում։ «Ռեյնջերսում» է ելույթ ունենում Ֆինլանդիայի ազգային հավաքականի առաջատարներից Գլեն Կամարան, որը Եվրո-2020-ի ընտրական փուլում խաղացել է Հայաստանի ազգային հավաքականի դեմ։ Նշենք, որ Կամարան ՈւԵՖԱ-ի կողմից որակազրկված է մինչև այս տարվա օգոստոսի 23-ը և չի մասնակցել «Մալմյոյի» հետ հանդիպումներին։ Կամարան բաց կթողնի նաև վաղը կայանալիք հանդիպումը։ Վաղվա հանդիպումը որակազրկման պատճառով բաց կթողնի նաև ջամայկացի կենտրոնական հարձակվող Քեմար Ռուֆը։ «Ռեյնջերսի» ամենաթանակ ֆուտբոլիստը անգլիացի ձախ վինգեր Ռայան Քենթն է, որի տրանսֆերային արժեքը կազմում է 14 միլիոն եվրո։ Կոլումբիացի կենտրոնական հարձակվող Ալֆրեդո Մորելոսի տարանսֆերային արժեքն էլ 12 միլիոն եվրո է։ Համեմատության կարգով նշենք, որ «Ալաշկերտի» ամենաթանկ ֆուտբոլիստը բրազիլացի աջ պաշտպան Կուելիոն է, որի տրանսֆերը 350 հազար եվրո է։ «Ռենջերսի» դեմ հանդիպումից առաջ «Ալաշկերտը» համարվել է ևս մեկ բրազիլացի ֆուտբոլիստով։ Մասնավորապես երևանյան թիմը պայմանագիր է կնքել բրազիլացի հարձակվող Լուկաս դե Կարվալյո Սերայի հետ: 26-ամյա ֆուտբոլիստը գրեթե ամբողջ կարիերան անցկացրել է Չեխիայում` ներկայացնելով տեղի «Բրեչլավ», «Հլուչին» և «Զնոյմո» ակումբները:
Մինչ «Ալաշկերտ» տեղափոխվելը՝ Լուկասը հանդես էր գալիս բրազիլական «Կանայում»: Այո, մրցակիցը բավական զորեղ է, բայց ասել, որ «Ալաշկերտին» բաժին է հասել անհաղթահարելի մրցակից ճիշտ չի լինի։ Նույն «Շերիֆը», որին «Ալաշկերտը» զիջել էր մեկ ոտքով՝ Չեմպիոնների լիգայի խմբային փուլում է։ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդային» պայքարից դուրս թողնելուց հետո, մոլդովական ակումբը փլեյ-օֆիի առաջին խաղում երեկ սեփական հարկի տակ 3։0 հաշվով հաղթել է Զագրեբի «Դինամոյին»։ Վերջինիս ֆուտբոլիստների տրանսֆերային ընհանուր արժեքը 131 մլիոն եվրո, է իսկ «Շերիֆի» ֆուտբոլիստների տրանսֆերային հանրագումարը կազմում է ընդամենը 11 միլիոն եվրո։ Տեղի ունեցածը ցույց է տալիս, որ կարելի է հաղթել ցանկացած մրցակցի և լիահույս ենք, որ «Ալաշկերտին» կհաջողվի հաղթահարել նաև Շոտլանդիայի չեմպիոնի արգելքը։ Վաղվա խաղում բուքմեյքերները բացահայտ ֆավորիտ են համարում «Ռենջերսին»։ Վերջինիս հաղթանակի համար սահմանված է ընդամենը 1․12 գործակից։
Ոչ-ոքին գնահատված է 8, իսկ «Ալաշկերտի» հաղթանակը՝ 17 գործակցով։ Ի դեպ, Հայաստան-Վրաստան-Ադրբեջան կտրվածքով «Ալաշկերտը» միակ թիմն է, որին հաջողվել է հասնել Եվրոպա լիգայի փլեյ-օֆ։ Վրացական և ադրբեջանական բոլոր թիմերն անհաջողության են մատնվել և պայքարում են միայն Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի համար։ «Ռեյնջերսին» զիջելու դեպքում «Ալաշկերտը» կհայտնվի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։