
Օգոստոսի 17-ին Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի մակարդակով գերատեսչական ձևաչափի աշխատանքը, որն ընդհատվել էր այն բանից հետո, երբ ադրբեջանցիները հատել էին Հայաստանի սահմանը: Եռակողմ այդ ձևաչափը հաստատվել էր հունվարի 11-ին Մոսկվայում Պուտին, Փաշինյան, Ալիև եռակողմ հանդիպման արդյունքում: Այդ ձևաչափի աշխատանքային խնդիրը ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակումն է, դրա ուղղությամբ հնարավորությունների մշակումն ու առաջարկների պատրաստումը:
Մոսկվայում ձևաչափի մեկնարկին նախորդել էր հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ալիքը, ադրբեջանական սադրանքները, որոնք երկու կողմում էլ հանգեցրել են զոհերի և վիրավորների: Միաժամանակ, Ալիևը դժգոհություն էր հայտնում այն կապակցությամբ, որ Ռուսաստանը զինում է Հայաստանին: Զուգահեռ, Հայաստանն էլ բավականին կոշտացրել է իր հռետորաբանությունը սահմանային իրողությունների առումով, հստակ հայտարարություններով, որ հակառակորդի որևէ առաջխաղացման փորձ պետք է արժանանա հակազդող և ճնշող գործողության: Միաժամանակ, Երևանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասի այցի ընթացքում նրա հետ հանդիպմանը Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հայտարարեց, որ Հայաստանն իրեն իրավունք է վերապահում քաղաքական ուղիների սպառման դեպքում ուժով լուծել Հայաստանի տարածքից ադրբեջանական ստորաբաժանումներին հեռացնելու հարցը: Միաժամանակ, պաշտպանության նախարարը այցելեց Մոսկվա, որտեղ Շոյգուն Արշակ Կարապետյանին դաշույն նվիրելու առիթով հայտարարեց Հայաստանի բանակին սպառազինության մատակարարման վերսկսման մասին: Ահա այս բազմաշերտ և բազմաբնույթ իրողությունների ֆոնին վերսկսում է փոխվարչապետերի մակարդակի գերատեսչական եռակողմ ձևաչափի հանդիպումը: Սա նշանակում է, որ ձևավորվել է որևէ փոխզիջո՞ւմ: Եվ ո՞ր կողմն է եղել փոխզիջողը:
Ադրբեջանը, ինչպես հայտնի է, հաղորդուղների ապաշրջափակումը պայմանավորում է այսպես կոչված «զանգեզուրյան միջանցքի» առկայությամբ, իսկ Երևանը՝ մերժում դրա վերաբերյալ որևէ քննարկում: Ինչ խոսք, միամիտ կլինի կարծել, որ փոխվարչապետերի մակարդակով քննարկումների վերսկսումը բերելու է որևէ արագ արդյունքի կամ որոշման, հետևաբար նշանակում է, թե կողմերից որևէ մեկը նահանջել է իր հայտարարած դիրքից: Տվյալ պարագայում սակայն հատկանշական է այն, որ երկու կողմն էլ համաձայնել են առնվազն քննարկումները սկսելուն: Ընդ որում, հատուկ ուշադրության է արժանի թերևս այն, որ այդ քննարկումներին փաստորեն զուգորդել է ՌԴ արտգործնախարար Լավրովի հայտարարությունը, որով նա ռուսաստանյան ավտոփոխադրողներին հորդորել է ուշադրության արժանացնել «Լեռնային Ղարաբաղի տարանցիկ կարողությունները», ասելով, որ այդտեղ կա մեծ ներուժ: Լավրովի հայտարարությունն ինքնին կարիք ունի բավականին հանգամանալից դիտարկման, քանի որ առաջացնում է բազմաթիվ հարցեր, թե հատկապես ինչի՞ մասին է խոսում ՌԴ արտգործնախարարը և Լեռնային Ղարաբաղի «տարանցիկ ներուժի» ինչպիսի ուղղության: Սակայն, Լավրովի այդ հայտարարությունը հատկանշական է Հայաստանը սպառազինելու ՌԴ գործողություններից Ալիևի դժգոհության, և ընդհանրապես վերջին շրջանում նկատվող ռուս-ադրբեջանական լարվածության ֆոնին: Ու հենց այդ ֆոնին էլ հետաքրքիր է եռակողմ գերատեսչական ձևաչափի վերսկսումը: Թեև, մեկ այլ ուշադրության արժանի հանգամանք է և այն, որ դա տեղի է ունենում նաև Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հեռախոսազրույցի, և Ադրբեջանի պաշտպանության նախարարի Թուրքիա այցի և այդ երկրի պաշտպանության նախարարի հանդիպման ֆոնին: Կա հավանականություն, որ Թուրքիան փորձում է Ադրբեջանին ավելի ակտիվ ներգրավել իր աֆղան-միջինասիական ծրագրերում և խնդիրների լուծումներում, ինչը Բաքվի համար այդքան էլ ոգևորիչ չէ: Բացառելի չէ, որ նաև այդ իրողությունը հավասարակշռելու համար Ադրբեջանը վերադառնում է ՌԴ հովանու ներքո ռեգիոնալ ապաշրջափակման քննարկումներին, առնվազն ժամանակ շահելու և մանևրի նպատակով: