Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Հանրային հեռուստաընկերության» եթերում կարծիք է հայտնել, թե ճիշտ է իրենց այն քաղաքականությունը, որ եթե անձը հրաժարվում է պատվաստվելուց, ուրեմն անընդհատ պետք է ՊՇՌ թեստ հանձնի, որպեսզի հավաստի լինի նրա՝ վարակված չլինելու փաստը, և մարդը աշխատանքի հաճախելիս չվարակի իր կոլեգաներին, չվարակի տրանսպորտում այլ անձանց, խանութում իր շուրջ գտնվող քաղաքացիներին։
«Մշակել ենք որոշակի փոփոխությունների փաթեթ, որն առաջիկայում կընդունվի, և հոկտեմբերի 1-ից դիտարկում ենք պատվաստված չլինելու պարագայում ժամանակ առ ժամանակ ՊՇՌ թեստ հանձնելու պարտականությունը, որովհետև սա միայն կոնկրետ անձի առողջությանը չի վերաբերում», – ասել է Ավանեսյանը և հավելել, որ փոփոխությունները վերաբերելու են բոլոր տեսակի տնտեսական գործունեությամբ զբաղվող ընկերությունների՝ հանրային սննդի օբյեկտների աշխատակիցներին, ինչպես նաև ուսհաստատություններին, պետական կառավարման մարմիններին։