Մեծ Բրիտանիան կընդունի 20 հազար աֆղան փախստականի։ Քվոտան նախատեսված է հինգ տարի ժամկետով։ Մինչև 2021 թվականի վերջ 5000 աֆղաններ կժամանեն Մեծ Բրիտանիա:
Reuters-ը, հղում անելով Մեծ Բրիտանիայի ՆԳՆ-ին, հայտնում է, որ երկիրը 5 տարվա ընթացքում կհյուրընկալի 20 հազար աֆղան փախստականի՝ որպես վերաբնակեցման նոր ծրագրի մաս: Առաջնահերթությունը կտրվի կանանց, աղջիկներին, կրոնական և այլ փոքրամասնություններին:
The Guardian-ն իր հերթին նշում է, որ ծավալների առումով օգնության սխեման նման է սիրիացիների օգնության սխեմային․ 2014 թվականից երկիրը վերաբնակեցրել է 20.000 սիրիացու: Հրապարակման մեջ ասվում է, որ «հավանաբար հարցեր կառաջանան, թե ինչու է թիվը նույնը՝ հաշվի առնելով, որ Աֆղանստանի բնակչությունը երկու անգամ գերազանցում է Սիրիայի բնակչությանը, և Մեծ Բրիտանիան հակամարտության ակտիվ մասնակից էր»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Կանադան մտադիր է ընդունել մինչև 20 հազար աֆղան փախստականի, ԱՄՆ-ը՝ մինչև 30 հազար։
ՄԱԿ -ը կոչ է անում բոլոր երկրներին չվտարել աֆղաններին: