
«Լև Գրուպ» փաստաբանական գրասենյակը նախօրեին հայտարարություն էր տարածել և տեղեկացրել, որ այն անձինք, ովքեր ունեցել են հողատարածքներ, որոնք պատերազմից հետո անցել են ադրբեջանի վերահսկողության տակ կամ դարձել են սահմանակից տարածքներ, որի ուժով անհնար կամ ռիսկային է դարձել դրանց օգտագործումը, տիրապետումը, տնօրինումը և դրանց վերաբերյալ ունեն վարկային պարտավորություններ բանկերում կամ տվյալ հողատարածքների, շենք-շինությունների գույքահարկ վճարելու պարտավորություններ, պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն՝ պարտավորությունները զրոյացնելու ուղղությամբ: «Լև Գրուպ» փաստաբանական գրասենյակը պատրաստ է աջակցել բոլոր նման անձանց իրավական հարթության վրա, իսկ անհրաժեշտության դեպքում՝ կստանձնի դատական պաշտպանությունը, մինչև խախտված իրավունքի իսպառ վերացումը:
Փաստաբանական գրասենյակի ղեկավար Լևոն Բաղդասարյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խոսքը բացառապես Հայաստանից՝ ՀՀ կառավարությունից քաղաքացիներին փոխհատուցում, օժանդակություն տրամադրելու մասին է.«Այսինքն եթե քաղաքացին, օրինակ, բանկից վարկ է վերցրել, որ իր հողը մշակի, բայց պատերազմի պատճառով այդ հողն անցել է Ադրբեջանին, կամ սահմանային է դարձել և ռիսկային է այն մշակելը, ապա պետությունը պետք է փոխհատուցի այդ քաղաքացուն։ Վերջերս շինարարերից մեկը ինձ մոտեցավ Վարդենիսում՝ սահմանային գոտում, տենդեր էր շահել, բայց ասեց, որ չի կարողանում գնալ շինարարություն իրականացնել, քանի որ կրակում են։ Հիմա պետությունը պետք է վերանայի այդ խաղի կանոնները։ Այսինքն նման դեպքում, եթե գույքահարկի պարտք կա, ապա պետք է զիջի այդ պարտքը, եթե բանկային պարտավորություններ են, պետք է վերցնի իր վրա։ Սոցիալական պետություն եզրույթը հենց դա է նշանակում։ Սա է պատճառը, որ մեր գրասենյակը պատրաստակամություն է հայտնել օժանդակել քաղաքացիներին։ Այսինքն եթե նման դեպքերում պետությունը ընդառաջ չի գնա, ապա օրենքով սահմանված կարգով այդ գործառույթները կիրականացվեն»,-ասաց Բաղդասարյանը՝ հավելելով, որ արդեն կան քաղաքացիներ, որ նման խնդիր ունեն և գրանցվում են իրենց գրասենյակում։
Մեր դիտարկմանը՝ ինչո՞ւ են կենտրոնացել բացառապես Հայաստանից փոխհատուցում ստանալու վրա, և ինչու Ադրբեջանի դեմ գանգատներ չեն ներկայացվում, փաստաբանը պատասխանեց.«Ես դա նայում եմ համալիր կարգով։ Միայն իրավական հարթության վրա Ադրբեջանի դեմ գանգատ ներկայացնելու օգտակար գործողության գործակիցը կլինի 0։ Բացի դա Ադրբեջանը բռնապետական երկիր է և թքած ունի իրավունքի վրա էլ, իրավաբանության վրա էլ։ Այստեղ պետք է պետությունը աշխատացնի իր գործիքակազմը քաղաքական, ռազմական և նոր իրավական առումով։ Ես այս ամբողջը համալիր եմ դիտարկում։ Հակառակ դեպքում անիմաստ է։ Ես չեմ կարծում, որ կարելի է Ադրբեջանի պես բռնապետական երկրի դեմ բողոք ներկայացնել։ Կրկնում եմ՝ նման հարցերը պետք է լուծել ոչ միայն իրավական, այլև քաղաքական և ռազմական գործառույթներով»,-ասաց Բաղդասարյանը։
Մեր դիտարկմանը՝ իրենց հաշվարկներով շա՞տ են նման քաղաքացիները և դա ինչ կարող է արժենալ պետության համար, Բաղդասարյանը պատասխանեց.«Դա պետության պարտավորություն է։ Պետությունը պետք է արդեն հաշվարկած ու այդ քաղաքացիներին հաշվառած լիներ ու հայտարարած լիներ իր քաղաքականության մասին այդ հարթության վրա։ Բայց այնքանով, որքանով այս հարթության վրա պետությունը կրավորական դիրք է ընդունել, կարծում եմ շատ կլինեն քաղաքացիներ և հենց դա է պատճառը, որ մեր փաստաբանական գրասենյակը հայտարարություն տարածեց, որ իրավական հարթության մեջ տեսնում է իրավական գործիքակազմով այդ խնդիրները լուծելու ճանապարհներ»։