Առաջիկայում կլուծվի դատավորների աշխատավարձերի բարձրացման և թոշակի հարցը։ Այս մասին օրերս Արագածոտնի մարզում դատարանի նորանշանակ նախագահ Գոհարիկ Խաչատրյանին ներկայացնելիս հայտնեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը։ «Սոցիալական ապահովության հարցը կլուծենք և ոչ միայն դատավորների, այլ նաև քննչական և դատախազական մարմինների աշխատակիցների: Ավելին ասեմ՝ գիտեք, որ հիմա ՍԴ քննարկվում է Հակակոռուպցիոն դատարանի սահամանադրականության հարցը: Նախագծում նշված է այդ դատարանների դատավորների ավելի բարձր վարձատրության հարցը, որն էլ հենց վիճարկվում է: Ուզում եմ տեղեկացնել, որ աշնանը մենք կունենանք նախագիծ, որով դատավորների աշխատավարձերն էլ կբարձրանան: Եթե չհավասարվի Հակակոռոպցիոն դատարանի դատավորների աշխատավարձերին, ապա չնչին չափով ցածր կլինի»,- ասել է Ջհանգիրյանը:
Փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը վստահ է, որ դատավորների աշխատավարձերի բարձրացումը, սոցիալական երաշխիքների բարձրացումը կարող է դատական իշխանության անկախության կարևոր բաղադրիչ լինել։
Փաստաբանն անգամ հաշվարկ է կատարել, թե դատավորները որքան աշխատավարձ պետք է ստանան ու այդ հաշվարկն անգամ ներկայացրել է ԲԴԽ լիազորությունները կասեցված նախագահ Ռուբեն Վարդազարյանին.«Իմ հաշվարկներով յուրաքանչյուր դատավորի մենք պետք է տանք 5000 ԱՄՆ դոլարին համարժեք աշխատավարձ։ Ունենք 250 դատավոր։ Եթե նրանց ամսական 5000 դոլար աշխատավարձ եք տալիս, ապա մեկ տարում ստացվում է 14-15 միլիոն դոլար, որը այդքան էլ մեծ գումար չէ՝ հաշվի առնելով, թե ինչ ենք ուզում ունենալ դրա արդյունքում։ Կրկնում եմ՝ բոլորին անխտիր, բոլոր դատավորներին պետք է այդքան աշխատավարձ տալ, որ նրանց մտքով չանցնի կաշառք վերցնել»,-ասաց փաստաբանը։
Մեր դիտարկմանը՝ որտեղից վստահություն, որ հենց 5 հազար դոլարն է այն օպտիմալ գումարը, որը կզսպի կաշառակեր դատավորների ախորժակը, Սիրունյանը պատասխանեց.«Դա նորմալ հաշվարկ է։ Երբ մենք դատավորի առաջ դնում ենք սահմանափակումներ, որ նա պետք է ունենա սահմանափակ շփումներ, ապա մենք նրան պետք է այնպիսի երաշխիքներ տանք, որ նա ապահովի իրեն, ունենա նորմալ մեքենա, իր երեխաները սովորեն մասնավոր դպրոցում և այլն։ Մենք այս բոլոր սոցիալական երաշխիքները պետք է տանք և կարծում եմ, որ 5000 ԱՄՆ դոլարը նորմալ է այդ ամենի համար։ Դա բավարար գումար է, որ դատավորի մտքով չանցնի ալիմենտի գործով 250 դոլար կաշառք վերցնի»,-ասաց փաստաբանը՝ ավելացնելով, որ սոցիալական երաշխիքներից ու աշխատավարձերի բարձրացումից զատ պետք է նաև քրեական օրենսգրքում կաշառքի հոդվածը լրացվի ու առանձին հոդված ավելացվի՝ դատավորի կողմից կաշառք վերցնելու վերաբերյալ և սահմանվի շատ մեծ պատիժ՝ անկախ կաշառքի չափից.«Դա արդեն նորմալ կլինի։ Եթե մեր իրավապահ մարմինները զգոն լինեն, օրենքը փոխվի, ապա ամեն ինչ նորմալ կլինի։ Հավատացեք։ Պետք է ազատվել այդ հին, կաշառքի սովոր դատավորներից։ Այսօր փայլուն իրավաբաններ ունենք, որոնք այսօր հրաժարվում են պետական համակարգ գնալ, բայց եթե նրանք իմանան, որ իրենք բարձր աշխատավարձ են ստանալու, ապա վազելով կգնան դատական համակարգ։ Դրա վրա պետք է կենտրոնանալ»,-ասաց փաստաբանը։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցն էլ կարծում է, որ արդարադատություն իրականացնող համակարգում աշխատավարձը կարևոր գործոն է, բայց դա միակ և ամենաառանցքային նախապայմանը չէ, որովհետև «փչացած համակարգը ինչքան ուզում ես փոխիր, միևնույն է, ինքը փչացած է»: «Շարժիչը, չաշխատող մեքենայի արտաքին տեսքն ինչքան ուզում ես փոխիր, այդ մեքենան տեղից երբեք չի շարժվելու։ Այն, որ առհասարակ, իդեալական համակարգի դեպքում դատավորների աշխատավարձը պետք է շատ բարձր լինի, ես այդ մտքի հետ համաձայն եմ: Բայց ես համաձայն չեմ, որ այս պահին դա լինի, որովհետև այս պահին դատական համակարգում մենք ունենք մարդիկ, որոնք այնպիսի հանցագործություններ են կատարել, որոնք արժանի չեն ՀՀ քաղաքացիների կոպեկ-կոպեկ հարկերից հավաքած միջոցներից ստանալու ավելի լավ պայմաններ: Երբ կմաքրվի դատական համակարգը, այո, այդ համակարգը պետք է լինի բոլոր իմաստնելով լավագույն պահվող համակարգերից մեկը, այդ թվում նաև աշխատավարձի հետ կապված: Բայց նաև այդ համակարգի տրամաբանությունից, բովանդակությունից շեղվելու պարագայում պատասխանատվությունը պետք է լինի ամենախիստը: Արդարադատության համակարգում կատարված հանցագործությունը պետք է այնպես պատժվի, որ որևէ մեկի մտքով անգամ չանցնի խախտումների գնալ»,-ասաց իրավապաշտպանը։