Բեյրութում ցուցարարները գրոհել են Լիբանանի ընտրված վարչապետ Նաջիբ Միկատիի տան վրա: Նրանք պահանջել են Միկատիի հրաժարականը, քարեր են նետել նրա տան վրա, կոտրել ապակիները: Reuters գործակալությունը հաղորդում է, որ ցուցարարների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունեցել: Իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել:
Բողոքի ակցիայի պատճառն էր երեկ՝ օգոստոսի 15-ին, Լիբանանի հյուսիսում գտնվող Աքարի շրջանում տեղի ունեցած վառելիքի ռեզերվուարի պայթյունը, որի հետևանքով 28 մարդ է մահացել, 79-ը՝ վիրավորվել:
BBC-ի փոխանցմամբ՝ Լիբանանի բանակը հայտարարել էր սև շուկայից առգրավված բենզինը բաժանելու մասին: Ռեզերվուարի մոտ մարդկանց մեծ բազմություն էր կուտակվել: Պայթյունի պատճառն առայժմ հայտնի չէ: Ոմանք ասում են, որ պայթյունը տեղի է ունեցել, քանի որ ինչ-որ մեկը կրակայրիչ է վառել: Մյուսները վստահեցնում են, թե կրակոցներ են լսվել:
Լիբանանում վառելիքի մեծ պակաս կա, բենզալցակայաններում մեծ հերթեր են լինում: Բնակչության կեսից ավելին աղքատության մեջ է գտնվում: