Աֆղանստանում իրավիճակը դառնում է ավելի անկանխատեսելի և ունի հումանիտար աղետի բոլոր նախանշանները, բայց ամենավատը դեռ առջևում է: Այդ մասին ուրբաթ օրը կայացած ճեպազրույցում ասել է Պարենի համաշխարհային ծրագրի խոսնակ Թոմսոն Փիրին:
«Մենք վախենում ենք, որ ամենավատը դեռ առջևում է, և սովի ամենամեծ ալիքն արագորեն մոտենում է: Գաղտնիք չէ, որ իրավիճակը վատթարացել է և դառնում է ավելի անկանխատեսելի: Հակամարտությունը սկսել է ծավալվել ավելի արագ, քան մենք սպասում էինք: Իրավիճակն ունի հումանիտար աղետի բոլոր նշանները»,- ասել է նա:
Նրա խոսքերով՝ ներկայումս Աֆղանստանի յուրաքանչյուր երրորդ բնակիչը չգիտի, թե վաղն ինչ է ուտելու, իսկ 2 միլիոն երեխա լրացուցիչ սննդի կարիք ունի: Միևնույն ժամանակ, երաշտի՝ տարվա ընթացքում երկրորդ ալիքից հետո, կանխատեսվում է, որ բերքը սովորականից քիչ կլինի:
Այս առումով, ՊՀԾ-ն կրկնապատկել է Աֆղանստանի վերաբերյալ իր ծրագիրը և մինչև դեկտեմբեր ակնկալում է պարենային օգնություն տրամադրել 9 միլիոն մարդու: Այդ նպատակով ծրագիրը կոչ է անում դոնորներին տրամադրել լրացուցիչ 200 մլն դոլար: