Կանադայի իշխանությունները հատուկ ջոկատայիններ կուղարկեն Քաբուլում երկրի դեսպանատունը պահպանելու համար, քանի դեռ այնտեղից անձնակազմը տարհանվում է: Այդ մասին հինգշաբթի օրը հայտնել է AFP-ն՝ հղում անելով աղբյուրներին:
Զինվորականները կպահպանեն դեսպանատունը, քանի դեռ այն չի փակվել դիվանագետների տարհանումից հետո: Ուղարկված զորքերի հնարավոր թվի մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվում:
ԱՄՆ կառավարությունը հինգշաբթի ավելի վաղ հայտարարել էր, որ կրճատելու է Քաբուլում իր դեսպանատան աշխատակիցների թիվը: Նրանց տարհանման ընթացքում ամերիկյան զինվորականները կապահովեն անվտանգությունը: Սպասվում է, որ առաջիկա երկու օրերին դրա համար ժամանակավորապես մոտ 3 հազար ամերիկացի զինծառայողներ կտեղափոխվեն Աֆղանստանի մայրաքաղաք: