ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն արձագանքել է այն լուրին, որ ինքը վերջերս դարձել է ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովի անդամ, և որ ըստ շրջանառվող լուրերի` Արթուր Բաղդասարյանն իրեն այնտեղ է գործուղել, քանի որ հույս ունի` ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները կխորանան, ԲՀԿ-ն դուրս կգա կոալիցիայից և վայր կդնի պորտֆելները, ու ՕԵԿ-ը կդառնա այդ հանձնաժողովի նախագահ: «Ազգային Ժողովի կանոնակարգի 25 -րդ հոդվածի 6.1 կետի համաձայն` Օրինաց երկիր խմբակցությունը իրավունք ունի երկու մշտական հանձնաժողովում ունենալ իր անդամները և վարվել է կանոնակարգի համաձայն, ուստի խմբակցության մի քանի պատգամավորներ ընդգրկված են միաժամանակ երկու մշտական հանձնաժողովներում:
Ինչ վերաբերում է իմ` Եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովում ընդգրկվելու հարցին, ապա ասեմ, որ եղել է նախնական պայմանավորվածություն իմ և հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանի միջև՝ միասին նույն հանձնաժողովում աշխատելու վերաբերյալ»,- պարզաբանման մեջ նշել է Բիշարյանը: Վերջինս այդպես էլ չի հերքել տեղեկությունները, որ Արթուր Բաղդասարյանն իրեն Եվրաինտեգրացիայի հարցերով հանձնաժողով է գործուղել, քանի որ հույս ունի` ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունների լարման դեպքում ԲՀԿ-ն դուրս կգա կոալիցիայից և Բիշարյանը կդառնա հանձնաժողովի նախագահը: