«Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները, ինտենսիվ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Թբիլիսիում, նաև հանրապետության մի շարք քաղաքներում ու բնակավայրերում թմրանյութերի առևտրով զբաղվող անձանց են ձերբակալել»: Այդ մասին հայտնել է Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության վարչության պետ Մամուկա Չելիձեն:
«Ներքին գործերի նախարարության կենտրոնական քրեական ոստիկանության վարչության, Թբիլիսիի, Իմերեթիի, Աջարիայի և Քվեմո-Քարթլիի բաժանմունքների աշխատակիցները հատուկ հանձնարարությունների վարչության աշխատակիցների հետ միասին 20 հոգու բերման են ենթարկել՝ հատկապես խոշոր չափի թմրադեղերի ապօրինի ձեռքբերման մեղադրանքով: Ձերբակալվածների մեջ կան նաև օտարերկրացիներ:
«Փաստի առթիվ հետաքննություն է սկսվել Վրաստանի քրեական օրենսգրքի 260-րդ և 236 -րդ հոդվածների համաձայն: Նրանց սպառնում է ութից 20 տարի կամ ցմահ ազատազրկում»,- ասել է Մամուկա Չելիձեն: