
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը
Հայաստանի իշխանությունները մտադիր են 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով ստեղծել: Ինչպես եք գնահատում այս գաղափարը և արդյոք Արցախը պետք է մասնակցություն ունենա այդ հանձնաժողովի աշխատանքներին:
Մենք միշտ էլ ասել ենք, որ ցանկացած պատերազմ, ցանկացած կրևորագույն գործընթաց, մեր պետության կարևոր էջերը պետք է ուսումնասիրվեն խորությամբ: Առանց կողմնակալ մոտեցումների, առանց շահարկումների, որքան էլ ծանր լինեն այդ էջերը մենք պետք է հասկանանք, ուսումնասիրենք, թե իրականում ինչ է տեղի ունեցել: Սա բնական է: Հիմա կտեսնենք՝ ինչպիսի հանձնաժողով է ստեղծվում, ովքեր են կազմում: Իհարկե, քանի որ դա եղել է երրորդ արցախյան պատերազմ,հետևաբար ինձ թվում է, որ Արցախից էլ կընդգրկվեն մարդիկ, իրենց կարծիքները կհայտնեն: Ես համարում եմ, որ դա իննչ-որ տեղ օբյեկտիվ ու բնական է, որ Արցախից էլ մարդիկ լինեն, որ բացատրեն իրենց մոտեցումները:
Այսպիսի հանձնաժողովի ստեղծումը կբացահայտի՞ ճշմարտւթյունը, հանրությունը կստանա՞ իրական պատկերը, թե՞ սա կլինի հերթական հանձնաժողովը, որ ստեղծվում է և անարդյունք ավարտում իր գործունեությունը:
Դեռ շատ վաղ է դրա մասին խոսել, քանի որ հանձնաժողովը դեռ չի ձևավորվել, աշխատանքները չի սկսել: Ես չգիտեմ ոնց է աշխատելու: Ես չեմ ուզում վաղաժամ կանխատեսումներ անել: Պետք է սպասել, տեսնել: Այդ հանձնաժողովը պետք է քրտնաջան աշխատանք իրականացնի, կազմը պետք է իմանանք և այլն:
Իսկ ի՞նչ կարծիք ունեք Հայաստանի ԱԺ-ում Արցախի հարցով հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ, որի նախաձեռնությամբ հանդես էր գալիս «Պատիվ ունեմ» խմբակցությունը: Իհարկե, այդ առաջարկը մերժվեց, բայց կա՞ր արդյոք նման հանձնաժողովի անհրաժեշտություն, արդյոք դա ձևական բնույթ չէր կրելու:
Դա արդեն պետք է հարցնեք պատգամավորներին, որպեսզի ավելի ճիշտ ձեզ պատասխանեն: Մենք շահագրգռված ենք, որ Արցախը միշտ լինի Հայաստանի Հանրապետության հասարակական, քաղաքական օրակարգում և առաջային տեղ զբաղեցնի: Թե ինչ ձևով դա կլինի, դա արդեն այլ խնդիր է, բայց Արցախը միշտ պետք է զբաղեցնի կարևորագույն տեղ Հայաստանի հասարակական, քաղաքական կյանքում: Դա նաև թույլ կտա Արցախին ապրել, թույլ կտա ապաքինվել և այլն: