
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է Ստամբուլում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը
-Պարոն Էստուկյան, Թուրքիայից փախած քրեական հեղինակությունը պնդել է, որ թուրքական իշխանությունները կապված են մաֆիայի կառույցների հետ: Մասնավորապես, նշվում է, որ դրանցի հետո Էրդողանի կուսակցության վարկանիշը կտրուկ անկում է ապրել: Ի՞նչ իրավիճակ է այս առումով Թուրքիայում:
-Ճիշտ է, որ հանցավոր աշխարհի ներկայացուցիչներից մեկը մայիսից սկսած տարբեր եղանակներով փոխանցում է կառավարության միջամուխ եղած հանցագործությունները: Այստեղ գլխավոր մեղադրվողներից մեկը ներքին գործերի նախարարն է, ով ըստ այդ հայտարարությունների, զբաղվել է կոկաինի վաճառքով: Հարավային Ամերիկայի երկրների տարածքից կոկաին եվրոպական երկրներ ուղարկելու պնդումներ կան, և այդ պնդումները փաստացի հիմքերի վրա են հիմնված, հետևաբար կառավարությունը դժվարանում է դրանք հերքել: Հիմանակ ասելիքը հետևյալն է. դու ինչպե՞ս կարող եք հանձագործի պնդումները նկատի ունենալ: Բայց հանցագործի պնդումները մերկապարանոց չեն. Նա նշում է անուններ, ամսաթվեր, դեպքերի նկարագրությամբ ու ավտոմեքենաների համարանիշներով հաստատում է իր ասածը: Այսինքն փաստացի տվյալների հիման վրա է հայտարարություններ անում, հետևաբար շատերը իրավացի են համարում այդ պնդումները: Այսօր այդ ամենը Էրդողանի իշխանության վարկանիշի անկման է հանգեցրել:
-Դա կարո՞ղ է հետագայում ազդել Էրդողանի կուսակցության վերընտրվելու վրա:
-Եթե ամեն ինչ բնականոն ընթանա, Թուրքիայում հաջորդ ընտրությունները տեղի են ունենալու 2 տարի անց, 2023 թվականին հունիսին, բայց վստահ չենք, կլինեն ընտրություններ, թե ոչ: Այսօր հիմնական հարցադրումը դա է. ասում են՝ ներկա իրավիճակը տեսնելով Էրդողանը կփորձի չգնալ ընտրության, միջոցներ ձեռնարկի, որ ընտրությունները տեղի չունենան: Այն ընտրությունները, որոնց արդյունքում ինքը չի հաղթելու և կորցնելու է իշխանությունը: Եթե իսկապես իրավիճակն այդպիսին է, ապա ընտրություններ չանցկացնելու վարկածը շարեի մտքում կա:
-Որքանո՞վ Էրդողանի կուսակցության կապը մաֆիայի հետ կարող է քրեական գործեր հարուցելու հիմք դառնա: Ի՞նչ զարգացումներ կարող են լինել:
-Էրդողանի հավանական անկումը սովորական իշխանափոխություն չի լինելու, այդ անկումին պետք է հաշվետվություն հաջորդի: Բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ, որոնք անօրինական կերպով ճնշվել են Էրդողանի որոշումներով, հաշիվ են պահանջելու այդ ամենի համար; Նաև այս պատճառով է, որ մեծ հարցական է՝ ընտրություններ լինելու են, թե ոչ: Ինքն էլ գիտի, որ գահընկեց լինելով միայն իշխանությունը չի կորցնելու: Էրդողանի միջոցով հարստացած մի մեծ զանգված ևս շատ դժվար կացության առջև է հայտնվելու:
-Շա՞տ են այդպիսիք:
-Էրդողանի կողմնակիցների մեծ մասը թուրք կրոնամոլ համակիրներն են, որոնք ի հեճուկս բոլոր անօրինական փաստերի բացահայտումներից հետո էլ շարունակելու են նրան աջակցել: Էրդողանն այդ տեսակի շատ հավատարիմ զանգված ունի: Նրա ընտրողների մի մեծ մաս էլ, որ նախապես հավատում էր Էրդողանին, հիմա հասկացել է, որ խաբված է: Այս ամենով հանդերձ, այս պահին Էրդողանի կուսակցությունը երկրի ամենագլխավոր քաղաքական ուժն է մնում:
-Այսինքն՝ մաֆիայի հետ առնչությունները լուրջ իրարանցո՞ւմ են առաջացրել Թուրքիայում:
-Անշուշտ, իրարանցում են առաջացրել: Այդ բացահայտումները, որոնք առկա են Youtebe-յան ալիքներում, միլիոնավոր դիտումներ ունեն: Մարդիկ ուշի-ուշով հետևում են այդ հրապարակումներին: Բայց Էրդողանին պատկանող հսկա մեդիա ռեսուրսները՝ թերթեր, TV-ներ, լռության են մատնում այդ ամենը: Սակայն սոցիալական ցանցերում հետաքրքրությունը շատ մեծ է:
-Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի Անվտանգության խորհրդի հայտարարությունը, թե Հայաստանը պետք է զերծ մնա ագրեսիվ հռետորաբանությունից:
-Իրականում մենք էլ չունենք պատասխանը, թե ինչով է պայմանավորված նման հայտարարությունը, որոնք են հակահայաստանյան կեցվածքի պատճառները: Մենք ակնկալում էինք հակառակը
Քանի որ արցախյան պատերազմը Հայաստանի պարտությամբ ավարտվեց, և Ադրբեջանը տիրացավ իր կորցրած հողերին, սպասում էինք հակառակ ընթացքը, բայց հանկարծակի որոշումով օդային տարածքը փակեց: Հասկանալի չէ, թե ինչ նպատակով է դա արվում: