«Թալիբան» արմատական խմբավորման գրոհայինները գրավել են Աֆղանստանի հյուսիս -արևելքում գտնվող համանուն նահանգի մայրաքաղաք Կունդուզը: Այդ մասին Al Jazeera-ն հաղորդել է կիրակի՝ օգոստոսի 8 -ին:
Նշվում է, որ դա երրորդ նահանգային մայրաքաղաքն է վերջին երեք օրվա ընթացքում, որը գրավել են թալիբները:
Թալիբները պնդում են, որ Կունդուզում իրենք արդեն գրավել են ոստիկանության շտաբը, նահանգապետի տունն ու քաղաքի բանտը: Իր հերթին, կառավարական ուժերը վերահսկում են բանակի բազան և օդանավակայանը, որտեղից նրանք իրենց գործողություններն են իրականացնում թալիբների դեմ:
Նշվում է, որ գրոհայիններն արդեն գրավել էին Կունդուզը 2015 և 2016 թվականներին, սակայն աֆղան զինվորականներին հաջողվել էր ազատագրել քաղաքը: