Հայաստանն այս ընթացքում և նախկինում էլ երբեք ագրեսիվ հռետորաբանություն չի կիրառել, այդ Ադրբեջանն է, որ և պատերազմից առաջ, և պատերազմից հետո, և հիմա շարունակում է տարածաշրջանի կայունությունն ու խաղաղությունը խաթարող, տարածաշրջանը պայթեցնել փորձող հայտարարությունները, որոնք ոչ միայն ագրեսիվ են, այլև անթաքույց նկրտումներ են պարունակում առ Հայաստանի ինքնիշխան տարածքներ: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նրան, որ Թուրքիան կոչ է արել Հայաստանին զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և հավատարիմ մնալ ստանձնած պարտավորություններին: «Ես հույս ունեմ, որ այս գործելաոճը կդադարի: Ես կարծում եմ, որ տարածաշրջանի երկրների առնվազն մի մասը, ներառյալ Վրաստանը, Իրանը, Ռուսաստանը, համակարծիք են Հայաստանի հետ, որ պետք է զերծ մնալ այս գործողություններից և փորձել հասնել տարածաշրջանային կայունության»,-ասաց նա: