Նշանակվեց ԱՄՆ-ում Հայաստանի նոր դեսպան՝ Լիլիթ Մակունցը: Այդ նշանակումը դեռևս ոչ պաշտոնական տեղեկատվության մակարդակում առաջացրել էր հանրային բուռն արձագանքներ, ամենատարբեր գնահատականներով: Առանցքայինն այն էր, որ հեղափոխությունից հետո մշակույթի նախարար նշանակված, 2018-ի դեկտեմբերի արտահերթ ընտրությունից հետո «Իմ քայլը» խմբակցության ղեկավար եղած Լիլիթ Մակունցը մի կողմից կադրային դիվանագետ չէ, մյուս կողմից էլ չունի քաղաքական գործունեության այն փորձառությունը, որը նրան թույլ կտա աշխատել Հայաստանի համար գերկարևոր այդ ուղղությամբ: Այդ ամենով հանդերձ, սակայն, այդ «հետագիծը» և կադրային դիվանագիտության ու քաղաքական մեծ փորձառության բացակայությունը դեռևս չեն կարող լինել աներկբա անարդյունավետության մասին խոսելու նախադրյալ: Դրանք կարող են լինել որոշակի կասկածամտության կամ մտահոգ դիտարկումների կամ հարցադրումների առիթ, սակայն ամենևին ոչ միարժեք ձախողման «ավանսով» նախադրյալ: