Տնտեսական ճգնաժամի ֆոնին, շուրջ մեկ տարի տևած անորոշությունից հետո Լիբանանն ունի նոր վարչապետ, որը Նաժիբ Միքաթին է: Վերջինս հայտնի գործարար է, որը նախկինում ևս երկու անգամ ղեկավարել է երկիրը: Չնայած այս հանգամանքին՝ երկրում անկայուն իրավիճակը, ցույցերը շարունակվում են, ինչպես հաղորդում են լրատվամիջոցները բախումներ են գրանցվել նաև «Հըզբոլլահի» կողմնակիցների և հակառակորդների միջև, ինչի հետևանքով կան զոհեր և վիրավորներ: Արևմտյան պարբերականներն էլ գրում են, որ Լիբանանի ամենահարուստ մարդուն երկրի վարչապետի պաշտոնում նշանակելը շատ լիբանանցիների կողմից ընկալվել է որպես վկայություն առ այն, որ պետությունն անկառավարելի է դարձել: Կկարողանա՞ նոր վարչապետը դուրս բերել երկիրն աննախադեպ ճգնաժամից, ի՞նչ ծրագրեր ունեն լիբանանահայերը: Այս և մի շարք այլ հարցեր «Առաջին Լրատվական»-ը քննարկել է ՌԱԿ Լիբանանի շրջանային վարչության ատենապետ դոկտ. Ավետիս Դաքեսյանի հետ: