«Հայաստան» խմբակցությունն ունի համապատասխան պատգամավորների քանակը, իսկ եթե միանա նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը, ապա դիմումը կներկայացնենք միասին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։
Ռուստամյանի խոսքով՝ ԱԺ նախագահի ընտրությունը տեղի է ունեցել կանոնակարգի կոպիտ խախտման հիման վրա, չի կարելի ընտրություն անցկացնել՝ բացառելով մյուս թեկնածուների մասնակցությունը և համարել, որ այդ ընտրությունները նորմալ, հավասար մրցակցային պայմաններում են եղել։
«Դա նույնն է, որ գնան ԿԸՀ՝ գրանցելու թեկնածուներին, ԿԸՀ-ն գրանցում է թեկնածուին, բայց իրեն թույլ չեն տալիս, որ ինքը մասնակցի քարոզարշավին»,- նշեց Ռուստամյանը՝ հավելելով, որ նույն իրավիճակն է ստեղծվել, ԱԺ-ն հաստատում է առաջին նիստին, որ այդ անձինք պատգամավոր են, բայց պատգամավորի լիազորությունները կասեցվում են։