Աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարում ձեռքբերումները սպառնալիքի տակ են, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
«ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններից հինգում COVID-19-ի հիվանդությունների թիվը վերջին չորս շաբաթվա ընթացքում աճել է 80 տոկոսով, այսինքն՝ գրեթե կրկնապատկվել է։ Աֆրիկայում մահացությունն աճել է 80 տոկոսով»,- հստակեցրել է ԱՀԿ ղեկավարը։
Նրա խոսքով ՝ դա կապված է այն բանի հետ, որ մարդիկ նորից սկսել են ակտիվորեն շփվել միմյանց հետ՝ միաժամանակ չպահպանելով նախազգուշական միջոցները։
«Այն, ինչ դժվարությամբ է ձեռք բերվել, սպառնալիքի տակ է հայտնվել կամ էլ կորել է, իսկ առողջապահական համակարգերը շատ երկրներում գերբեռնված են»,- հայտարարել է Գեբրեյեսուսը:
Համաճարակի սկսվելուց ի վեր աշխարհում կորոնավիրուսով վարակման 196 մլն դեպք է գրանցվել, որոնցից գրեթե 4,2 միլիոնը՝ մահվան ելքով: Վարակումների ամենամեծ թիվը նշվում է ԱՄՆ-ում, Հնդկաստանում եւ Բրազիլիայում ։