Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության հուլիսի 29-ի նիստում անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին, խոսել է հայ-ռուսական քննարկումների օրակարգում նոր հարցի մասին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով ռուսական սահմանապահ հենակետեր տեղակայելու մասին, որն ըստ Նիկոլ Փաշինյանի կարող է լինել իրավիճակի կայունացման, և սահմանագծման ու սահմանազատման գործընթացը առանց ռազմական բախումների ռիսկի իրականացնելու երաշխիք: Աշխատո՞ղ երաշխիք է դա, եթե Ռուսաստանը անգամ քաղաքական հայտարարության մակարդակով չի աջակցում իր ռազմավարական դաշնակցին և չի սաստում Ադրբեջանին: Իրավիճակն այստեղ իհարկե միարժեք չէ: Նախ, անհրաժեշտ է կարևոր արձանագրում, որ ռուսական սահմանապահների հենակետերի առկայությունը լինելու է ոչ թե հայկական զինուժի դիրքերի փոխարինում, այլ այսպես ասած հավելյալ մեխանիզմ: Բայց, հավելյալ մեխանիզմ ոչ թե սահմանների պաշտպանության, այլ՝ կայունության ռեժիմի համար: