Երեկ, հուլիսի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Արամ Խաչատրյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 204 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և, մոտ 120 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ա․ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել է Երևանի Մուրացանի անվան զինվորական հոսպիտալ։
Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ա․ Խաչատրյանը ապրիլյան 4-օրյա և Արցախյան վերջին 44-օրյա պատերազմների մասնակիցներից է եղել և ծառայությունն անցկացրել է Արցախի «Եղնիկներ» զորամասում։