Տոկիոյում, որտեղ անց են կացվում Օլիմպիական խաղերը, կորոնավիրուսի դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 3 000-ով, գրում է NHK հեռուստաալիքը:
Ճապոնիայի մայրաքաղաքը երկրորդ օրն է՝ հակառեկորդ է սահմանում: Երեքշաբթի նոր հայտնաբերված դեպքերի թիվը 2848 էր: Տոկիոյի քաղաքապետ Յուրիկո Կոիկեն, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, կոչ է արել երիտասարդներին պատվաստվել: Նա նշել է, որ վարակակիրների միջին տարիքը 20-40 է, իսկ տարեցների շրջանում հիվանդության ծանր ընթացքի դեպքերը աստիճանաբար նվազում են՝ պատվաստումներով պայմանավորված:
Վերջին օրերին Տոկիոյում կորոնավիրուսի հայտնաբերվող դեպքերը կրկնապատկվել են: Մայրաքաղաքում գործում են արտակարգ դրության պայմանները,ինչը նշանակում է հանրային սննդի կետերում ալկոհոլի վաճառքի արգելք և հանդիսատեսների թվի սահմանափակում հանրային միջոցառումների ժամանակ: Այդ պատճառով ամառային օլիմպիադան Տոկիոյում անցնում է առանց հանդիսատեսի: