Բաթումում տեղատարափ անձրևների հետևանքով քաղաքի մի քանի փողոցներ ջրածածկ են եղել: Այս մասին հայտնել է Բաթումի քաղաքապետարանը:
Քաղաքապետարանի տվյալներով՝ մի քանի ժամում քաղաքի բնակիչներից 150 ահազանգ է ստացվել:
Ջրածածկ են եղել խաչմերուկներ, ինչի հետևանքով տրանսպորտի երթևեկությունը կաթվածահար է եղել:
Առավել վատ իրավիճակ է ստեղծվել Ագմաշենեբելի և Թավդադեբուլի փողոցներում: Ջրածածկ են տների առաջին հարկերը, խանութները, արտադրական տարածքները: Տարվում են ջրահեռացման և մաքրման աշխատանքներ:
Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ ջրածածկ է եղել նաև Բաթումի Հանրապետական հիվանդանոցի նորակառույց շենքի այն հատվածը, որտեղ բուժվում են կորոնավիրուսով հիվանդները: Օդերևութաբանների կանխատեսումներով՝ վաղը ևս Բաթումում սպասվում է հորդառատ անձրև և ուժեղ քամի: