
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագետ Նարեկ Մինասյանը։
–Պարոն Մինասյան, ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է ողջունելու Եվրամիության երկրների միջնորդական ջանքերը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցություններում, եթե դրանք նպաստեն առկա համաձայնությունների իրագործմանը: Ի՞նչ եք կարծում ՝ դեռ չլուծված հարցերի շուրջ համանախագահող երկրների միջև կլինի՞ կոնսենսուս, թե՞ գործ կունենանք սեպարատ նախաձեռնությունների հետ։
-Պետք է տարանջատենք երկու կարևոր գործոն։ Առաջինը՝ համանախագահության ձևաչափը, որի շրջանակներում առնվազն կա կոնսենսուս երեք համանախագահող երկրների միջև, որ անհրաժեշտ է համանախագահության հովանու ներքո վերսկսել բանակցային գործընթացը։ Եվ մյուս հարթությունը այլ հնարավոր դերակատարների ներգրավումն է, որը կարող է աջակցել գործընթացի։ Այդ տեսանկյունից բազմիցս հայտարարվել է, որ տարբեր միջազգային կազմակերպություններ կարող են որոշակի դերակատարում ունենալ կարգավորման գործընթացում։ Անգամ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ որոշակի դերակատարում նախատեսված էր մի շարք միջազգային կազմակերպությունների կողմից։ Գաղտնիք չէ, որ Եվրամիությունը ևս պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ հակամարտության համատեքստում մի շարք հարցերի կարգավորման գործընթացում։ Խոսքը ոչ թե բուն բանակցային գործընթացին է վերաբերում, այլ հիմնախնդրի համատեքստում առկա այլ խնդիրներին։Այս առումով, կարծում եմ, կան որոշակի հարցեր, որոնց վերաբերյալ Ռուսաստանը ևս դեմ չէ, որ այլ դերակատարներ որոշակի ներգրավվածություն ունենան՝ այդ թվում հումանիտար բնույթի հարցերը։
-Բայց Ղարաբաղի կարգավիճակի հարցում մենք հստակ տեսնում ենք, որ Արևմուտքը պնդում է, որ այդ հարցը լուծված չէ և պետք է հստակեցվի, իսկ Մոսկվան ասում է՝ լուծված չէ, բայց ապագայի հարց է, հիմա կան առաջնային այլ հարցեր։
-Նախևառաջ՝ կարգավիճակի հարցը բուն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափի տիրույթում գտնվող հարց է և այդ առումով կարծես թե բոլոր համանախագահների միջև կա կոնսենսուս, որ բանակցային գործընթացը պետք է վերսկսվի։ Սակայն այլ հարց է, թե ինչ օրակարգ պետք է ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը և այստեղ կածես թե կա որոշակի մոտեցումների տարբերություն։ Ընդհանուր առմամբ բոլոր կողմերը համակարծիք են, որ դեռևս հասցեագրված չէ Արցախի կարգավիճակի հարցը և այն օրակարգում է, սակայն, թե երբ այն պետք է քննարկել՝ դրա հետ կապված կան տարբեր մոտեցումներ։ Ռուսական կողմը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում առաջնային պետք է դիտարկել հումանիտար բնույթի հարցերը, տարածաշրջանում տնտեսական համագործակցության վերականգնման հարցերը, նոր դրանից հետո հնարավոր կլինի անդրադառնալ առավել բաց, խորքային հարցերի, ինչպիսին է նաև կարգավիճակի հարցը։ Մյուս երկու համանախագահների մոտ կարծես թե այդ ժամանակային տարանջատումը չկա և նրանք պատկերացնում ենք բոլոր հարցերի համատեղ քննարկումը։
-Կարծում եք Ալիև-Պուտին հանդիպումից հետո ինչ-որ տեղաշարժ հնարավո՞ր է լինի։
–Կարծում եմ՝ Ալիևը վերջին ամիսներին բավականին կոշտ կեցվածք էր որդեգրել, ինչը մասամբ պայմանավորված է նաև ներքին հարցերով, այսինքն՝ սեփական ժողովրդին տարբեր մեսիջներ ուղղելու խնդրով։ Մենք ականատես էինք լինում, որ բավականին սրվել էր թե՛ Ալիևի հռետորաբանությունը և Ադրբեջանի ապակառուցողական գործելաոճը։ Սակայն Պուտին-Ալիև հանդիպման ամենակարևոր թեզերից մեկը փոխզիջումների անհրաժեշտությունն է առաջ շարժվելու համար, ինչի մասին բարձրաձայնեց Պուտինը։ Կարելի է ենթադրել, որ երկու ժամ տևած քննարկումների արդյունքում քննարկվել են նաև այնպիսի հարցեր, որոնք հետ կապված կա ակնկալիք, որ Ադրբեջանը պետք է մեղմի իր դիրքորոշումն ու առավել կառուցողական վարքագիծ դրսևորի։Նմանատիպ հարցերից կարող է լինել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցը։
-Իրենք էլ նշում են, թե այս լարվածությունը կպահպանվի այնքան, քանի դեռ Հայաստանը չի համաձայնվում սահմանազատման գործընթացին։
-Հռետորաբանությունը մի բան է, ռեալ քաղաքականությունն՝ այլ։ Եթե Ալիևն իրոք առաջնորդվեր այդ սկզբունքով հազիվ թե գնար բանակցությունների ու քննարկեր այդ հարցերը տարբեր դերակատարների հետ։ Նկատի ունեմ, օրինակ Շառլ Միշելին, Պուտինին։