
Անգլիայում պատրաստել են սննդի նոր ռազմավարություն, որով բնակիչներին հորդորում են կրճատել մսի սպառումը: Հոդվածում շեշտվում է, որ ժամանակակից գյուղատնտեսական համակարգը վնասում է շրջակա միջավայրը, հայտնում է The Guardian-ը:
Մասնագետները խորհուրդ են տվել առաջիկա տասը տարիների ընթացքում 30 տոկոսով կրճատել մսի սպառումը՝ հանուն մոլորակը փրկելու և կլիմայի խնդիրները լուծելու։
Ռազմավարությունը հստակեցնում է, որ գյուղատնտեսական նշանակության հողերի 85 տոկոսն օգտագործվում է անասուններ կերակրելու համար, գործընթացը սրում է գլոբալ տաքացման խնդիրը և միևնույն ժամանակ մարդկանց տալիս է ընդամենը 32 տոկոս կալորիա: «Ի տարբերություն դրա, հողի 15 տոկոսը, որի վրա բերք են աճեցվում սպառման համար, ապահովում է կալորիաների 68 տոկոսը», – ասված է զեկույցում։
Բրիտանացիներին խնդրել են փոխել իրենց սննդակարգն ու միսը փոխարինել այլընտրանքային բուսական սնունդով: Որոշ փորձագետներ ասում են, որ նման նպատակին կարելի է հասնել միայն որոշիչ մեթոդներով:
«Գիտությունները, որոնք ուսումնասիրում են մարդկանց վարքը ենթադրում են, որ սննդակարգի նպատակային փոփոխությունը դժվար թե հնարավոր լինի առանց համապարփակ միջոցառումների իրականացնել, ներառյալ հարկային խթանման միջոցները», – ասում է Օքսֆորդի համալսարանի հետազոտող Մարկո Սպրինգմանը:
Ավելի վաղ նման կոչով հանդես էր եկել Իսպանիայի սպառման նախարար Ալբերտո Գարզոնը՝ նշելով, որ ավելի քիչ կենդանական ծագում ունեցող դիետան կբարելավի առողջությունը և կօգնի փրկել մոլորակը գլոբալ տաքացումից: Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ գյուղատնտեսությունը համարվում է վնասակար արտանետումների աղբյուր: