Այսօր իսրայելական Haaretz թերթը գրել է, որ Թուրքիայից եկող ռադիկալ տրամադրություններից հետո Իսրայելը բարելավում է հարաբերությունները Բալկանյան երկրների հետ: Թերթի տեղեկություններով, Երուսաղեմը վերջին ամիսների ընթացքում բարելավել է հարաբերությունները Հունաստանի, Բուլղարիայի, Մակեդոնիայի, Կիպրոսի, Սերբիայի, Մոնտենեգրոյի և Խորվաթիայի հետ, ընդ որում, ոչ միայն դիվանագիտական մակարդակում, այլև օրինակ՝ հետախուզական տեղեկությունների փոխանակման առումով: Հատկանշական է Մոսադի ղեկավար Մեյիր Դաղանի հանդիպումը Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովի հետ, որի արդյունքում երկու կողմերը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում նշել են, որ Իսրայելն ու Բուլղարիան պատրաստվում են համագործակցել բոլոր ուղղություններով:
Բորիսովը, որը նախկինում եղել է երկրի ներքին գործերի նախարարը, համարվում է ահաբեկչության դեմ պայքարի լավագույն մասնագետը: Հունվարին Երուսաղեմում Բորիսովն արդեն հայտարարել է, որ պատրաստվում է համագործակցել Իսրայելի հետ` պայքարելու իսլամական էքստրեմիզմի առաջխաղացման դեմ:
Մի բարձրաստիճան պաշտոնյա՝ իսրայելական արտգործնախարարությունից, հայտարարել է, որ հասկանալի է բուլղարական կողմի ցանկությունը` համագործակցելու Իսրայելի հետ, քանի որ Բուլղարիան 500 տարի շարունակ թշնամական հարաբերություններ է ունեցել Թուրքիայի հետ:
Իսրայելն ու Բուլղարիան նաև համաձայնագրեր են ստորագրել հակաօդային պաշտպանական ռազմական վարժանքներ անցկացնելու համար: Բուլղարիան պատրաստակամություն է հայտնել բացել օդային տարածքը իսրայելական ռազմական ավիացիայի համար, ինչպես նաև ռազմաբազաներ տրամադրել համատեղ վարժանքների ժամանակ: Նախկինում Իսրայելը նմանատիպ պայմանագիր ուներ Թուրքիայի հետ: Բուլղարացիները նաև օգտագործում են այս հնարավորությունը զարգացնելու համար զբոսաշրջային ոլորտը և բարձրագույն տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը Իսրայելի հետ: Բուրգասը, որպես այլընտրանք, առաջարկել է թուրքական Անթալիային:
Թերթը նաև հիշեցնում է Հունաստանի վարչապետ Գեորգիուս Պապնդրեուի այցելության վերաբերյալ Երուսաղեմ, ուր հունական կողմը հայտարարել է, որ ցանկանում է բարելավել իր հարաբերությունները Իսրայելի հետ և փոխել համագործակցության որակը: