Մոսկվայի բոլոր պատվաստման կենտրոններում արդեն հնարավոր է պատվաստվել երկրորդ անգամ: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Մոսկվայի սոցիալական զարգացման հարցերով փոխքաղաքապետ Անաստասիա Ռակովան:
«Մենք շարունակում ենք ընդլայնել Մոսկվայում կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստումների հնարավորությունները, այդ թվում՝ վերապատվաստման առումով: Մենք արդեն սկսել ենք մարդկանց կրկնակի պատվաստումներ կատարել ծերանոցներում: Հուլիսի 22-ից քաղաքի բոլոր գործող պատվաստման կենտրոններում` 119 պոլիկլինիկաներում, «Առողջ Մոսկվա» 45 տաղավարներում, «Իմ փաստաթղթերը» պետական ծառայությունների կենտրոններում և այլ հայտնի հանրային վայրերում հնարավոր է երկրորդ անգամ պատվաստվել Sputnik Light և Sputnik V պատվաստանյութերով»,- ասել է Ռակովան:
Այս պահին երկրորդ անգամ խորհուրդ է տրվում պատվաստվել առաջին պատվաստումից վեց ամիս անց: Կրկնակի պատվաստումը կօգնի լրացուցիչ պաշտպանություն ստեղծել նոր, նույնիսկ ավելի ագրեսիվ շտամների դեմ:
Կորոնավիրուսով պայմանավորված համաճարակաբանական իրավիճակի բարելավումից հետո խորհուրդ է տրվում վիրուսի դեմ կրկին պատվաստվել տարեկան մեկ անգամ: