Ամերիկյան NASA-ի Perseverance մարսագնացն ավարտել է իր գործիքների թեստավորումն ու անցել հիմնական նպատակի իրականացմանը՝ փնտրելու կյանքի նշաններ Կարմիր մոլորակի վրա: Այս մասին հայտնում է NASA-ն:
Perseverance-ը Ingenuity ուղղաթիռի հետ Մարսի վրա վայրէջք էր կատարել շուրջ 7 ամսվա թռիչքից հետո՝ 2021 թվականի փետրվարի 18-ին՝ Եզերո խառնարանի մոտ:
Ռենտգենյան ճառագայթների ու ուլտրամանուշակագույն լույսի միջոցով մարսագնացն ուսումնասիրելու է ապարների կազմը, իսկ մարսագնացի վրա տեղակայված տեսախցիկը լուսանկարելու նմուշներն այնպիսի խոշորացմամբ, որը բավարար կլինի հայտնաբերել դրանցում ժամանակին եղած մանրէային կյանքի նշանները:
Գիտնականները կարծում են՝ Եզերո խառնարանի տեղում նախկինում լիճ է եղել: