
Հյուսիսատլանտյան դաշինքի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդների թվում կա երեք կին՝ Արևելյան Եվրոպայի երկրներից:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի իրավահաջորդը դառնալու ցանկություն են հայտնել Լիտվայի նախկին նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, Խորվաթիայի նախկին նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչը, ինչպես նաև՝ Էստոնիայի ներկայիս նախագահ Կերստի Կալյուլայդը:
Ակնկալվում է, որ նոր գլխավոր քարտուղար կընտրեն ու հանրությանը պաշտոնապես կներկայացնեն 2022 թվականի ամռան սկզբին՝ Մադրիդում կայանալիք դաշինքի գագաթնաժողովին:
Ըստ Politico-ի, բարձրաստիճան շատ քաղաքական գործիչներ և դիվանագետներ պնդում են, որ ՆԱՏՕ-ն 72 տարի անց, առաջին անգամ պետք է քննարկի կազմակերպության ղեկավար կին նշանակելու մասին հարցը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով միջազգային ասպարեզում Ռուսաստանի հետ դաշինքի աճող դիմակայությունը, Բալթյան երկրից թեկնածուի ընտրությունը կարևոր ազդանշան կդառնա Մոսկվայի համար:
ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարի պաշտոնի երեք թեկնածուներից ֆավորիտ է համարվում Գրաբար-Կիտարովիչը: 2011-2014 թվականներին նա ծառայել է ՆԱՏՕ-ի գլխավոր շտաբում՝ որպես հանրային դիվանագիտության գլխավոր քարտուղարի օգնական: Խորվաթիայի նախկին նախագահն ԱՄՆ-ում զբաղեցրել է նաև իր երկրի դեսպանի պաշտոնը։